Երեխա Պոլիոմիելիտ (մանկական տարիքի)
Բնորոշվում է նյարդային համակարգի, քթաըմպանի և աղիքների լորձաթաղանթների ախտահարումով։
Էթիոլոգիան։ Հարուցիչը պատկանում է էնտերովիրուսների շարքին, որն արտաքին ազդակների նկատմամբ կայուն է, ցածր ջերմաստիճանի պայմաններում կենսունակությունը պահպանում է տարիներ։
Տարբերում են վիրուսների 3 շճատիպեր (I, II, III)։
Էպիդեմիոլոգիան։ Հիմնականում հիվանդանում են մինչև չորս տարեկան երեխաները։ Վարակման աղբյուրը վիրուսակիրներն են և հիվանդացածները։ Բացիլակրությունը կարող է տևել ամիսներ։ Հիվանդությունը հանդիպում է ամռան ամիսներին` հիմնականում սպորադիկ ձևով։ Պոլիոմիելիտին բնորոշ է փոխանցման կղանքային-բերանային մեխանիզմը, սակայն բացառված չէ նաև օդակաթիլային ճանապարհը։ Ընկալությունը բավական բարձր է։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ, կրկնակի հիվանդացություն հազվադեպ է հանդիպում։ Մորից ստացած պասսիվ իմունիտետը կայուն չէ և վերանում է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում։
Պաթոգենեզը։ Հարուցիչը, տեղակայվելով բկանցքի ավշային օղակում և աղիքների լորձաթաղանթներում, ներծծվելով՝ առաջացնում է վիրուսարյունություն։ Վերջինս պատճառ է դառնում, որ հարուցիչը տեղակայվի նյարդային բջիջներում, մասնավորապես ողնուղեղի առաջնային եղջյուրների շարժիչ նեյրոններում, երկարավուն ուղեղում, ուղեղի կեղևում, միջողնային և գանգուղեղային նյարդային հանգույցներում, ինչպես նաև մկանանյարդային սինապսներում։ Տեղադրվելով նյարդային բջիջների մեջ, հարուցիչն առաջացնում է քրոմատոֆիլային նյութի լուծում, ապա՝ բջջալուծման (ցիտոլիզ) պատկեր, որի հետևանքով առաջ են գալիս ծայրամասային թորշոմած պարալիզներ, որոնք խճապատկերի բնույթ են ունենում, քանի որ ոչ բոլոր նեյրոններն են ախտահարվում։ Հիվանդությունից հետո տիպոսպեցիֆիկ իմունիտետ է զարգանում։
Կլինիկան։ Թաքնված շրջանը 5-35 օր է (միջին հաշվով 9-12 օր)։ Տարբերում են պոլիոմիելիտի կլինիկական մի քանի ձևեր.
- Ինապարատ։ Ընթանում է առանց կլինիկական ախտանիշների։
- Ընդերային (աբորտիվ), առանց նյարդային համակարգի ախտահարման։
- Նյարդային համակարգի ախտահարումով՝
ա) ոչ պարալիզային կամ ուղեղաթաղանթային ձև,
բ) պարալիզային։
Առաջին երկու ձևերը կլինիկորեն գրեթե չեն ախտորոշվում։ Տևում է ընդհանուր առմամբ 3-7 օր, ընթացքը և ելքը բարենպաստ են և կոչվում են «փոքր» հիվանդություն։
Գործնականում կարևոր ուշադրության են արժանի պոլիոմիելիտի նյարդային համակարգի ախտահարմամբ ընթացող ձևերը.
- Ոչ պարալիզային պոլիոմիելիտ։ Սկսվում է ընդհանուր վարակային ախտանիշներով՝ ջերմության բարձրացում, վերին շնչուղիների կատառ, ռինիտ, ֆարինգիտ, կատառային տոնզիլիտ, բրոնխիտ, ընդհանուր թուլություն։ Որոշ հիվանդների մոտ կարող են լինել գլխացավեր, փսխում, աղիքային խանգարումներ, հիվանդության 2-3 օրերին թեթևակի ուղեղաթաղանթային ախտանիշներ, չափավոր թունավորում, ողնուղեղի հեղուկի բաղադրությունը՝ լիմֆոցիտային բնույթի (քանակը 100-1000 և ավելի), սպիտակուցի քանակը՝ աննշան ավելացած։ Ընթացքը և ելքը բարենպաստ են։
- Պոլիոմիելիտի պարալիզային ձևը ընթանում է զարգացման 4 էտապով.
- նախապարալիզային էտապ, որը կլինիկորեն հիշեցնում է ոչ պարալիզային ձևը, սակայն ախտանիշներն ավելի են արտահայտված։ Երբեմն լինում են ցնցումներ, ցավոտություն՝ նյարդարմատների և նյարդաթելերի ուղղությամբ, գերզգայնություն, դիրքափոխման ժամանակ՝ ցավոտություն։ Այս շրջանում հիվանդն ընդունում է բնորոշ դիրք՝ «եռոտանու» ախտանիշ։
- Նկատվում է արտահայտված մկանային հիպոտոնիա, ռեֆլեքսների թուլացում, ապավերացում։ Բարձր ջերմությունը տևում է միջին հաշվով 4 օր, որից հետո այն իջնում է, հետագա բարձրացումը համընկնում է ուղեղաթաղանթային պրոցեսների և նոր պարալիզների առաջացման հետ։ Ողնուղեղային հեղուկի կողմից շեղումները նույնն են, ինչ և պարալիզային ձևի դեպքում։
- Պարալիզային էտապ։ Պարալիզները զարգանում են հանկարծակի, մի քանի ժամվա ընթացքում և հիմնականում ջերմության անկման հետ։ Հիվանդի ինքնազգացումը բարելավվում է։ Պարալիզները կրում են ծայրամասային և թորշոմած բնույթ։ Մկանային տոնուսը և ջրային ռեֆլեքսները թուլանում են և վերանում՝ ակտիվ շարժողական ֆունկցիայի ընկճումով։ Զգայական խանգարումները պոլիոմիելիտին բնորոշ չեն։ Հիմնականում ախտահարվում են վերին ու ստորին վերջույթների, պարանոցի, որովայնի, ինչպես նաև շնչական մկանախմբերը։ Նյարդային համակարգում պրոցեսի տեղակայումից կախված պարալիզային ձևը կարող է արտահայտվել ողնուղեղային (սպինալ), կոճղեզային (բուլբար), կամրջակային (պոնտալ) և խառը ձևերով՝ համապատասխան նյարդաբանական ախտանիշների զարգացումով։
- Վերականգնման շրջանը սկսվում է հիվանդության 3-4 շաբաթից։ Այս շրջանում նոր պարալիզային երևույթներ չեն առաջանում և սկսվում է գործառության աստիճանական վերականգնում։
- Մնացորդային երևույթների (ռեզիդուալ) շրջանը լինում է այն դեպքում, երբ շարժիչ նեյրոնում տեղի է ունենում վերջնական կորիզալուծման (կարիոլիզի) պրոցես։ Ախտահարված հատվածի վերականգնում տեղի չի ունենում։
Ախտորոշումը։ Հիմնված է բնորոշ կլինիկահամաճարակաբանական տվյալների վրա, ինչպես նաև լաբորատոր (վիրուսաբանական և շճաբանական) ուսումնասիրությունների վրա (կոմպլեմենտի կապման և ախտահատուկ հակածնի հետպրեցիպիտացիայի ռեակցիաներ)։ Տարբերակիչ ախտորոշման նպատակով պետք է հաշվի առնել էնտերովիրուսային բնույթի (կոկսակի, ECHՕ) այլ հիվանդությունները, որոնք ևս կարող են առաջացնել պոլիոմիելիտանման հիվանդություններ, բոտուլիզմը, պոլիռադիկուլոնևրիտները, տզային էնցեֆալիտը։
Բուժումը։ Սպեցիֆիկ բուժում դեռևս չկա։ Գամագլոբուլինաբուժությունը արդյունավետ չէ։ Պարալիզային շրջանում վերջույթների ձևախախտումները և կծկանքները (կոնտրակտուրաները) կանխելու նպատակով հիվանդին առաջին հերթին տրվում է համապատասխան դիրք։ Մեծ կիրառություն են գտել ֆիզիոթերապևտիկ միջոցառումները՝ տաք փաթաթումներ, պարաֆին, օզոկերիտ, ցավային ախտանիշի դեպքում՝ ցավազրկողներ, կոճղեզային ախտահարման դեպքում շնչական և սրտանոթային անբավարարություն ունեցող հիվանդը պետք է գտնվի վերակենդանացման բաժանմունքում։
Հակաբիոտիկներ նշանակվում են միայն մանրէական պրոցեսների առկայության դեպքում։ Ուղեղաթաղանթային երևույթների դեպքում կատարվում է ռեհիդրատացիա և դեհիդրատացիա, հակաբիոտիկներ՝ չափավոր դեղաչափերով։
Ռեզիդուալ երևույթների բուժումը կազմակերպվում է նևրոլոգիական և օրթոպեդիայի կլինիկաներում, հետագա սանատոր-առողջարանային բուժումով (Եվպատորիա, Սակի, Մացեստա, Զելենոգորսկ և այլն)։
Կանխարգելումը։ Պոլիոմիելիտով կասկածելի բոլոր հիվանդներին պարտադիր կարգով պետք է հոսպիտալացնել։ Ռեկոնվալեսցենտին թույլատրվում է շփվել կազմակերպված կոլեկտիվի հետ 40 օր հետո։ Անմիջական կոնտակտավորները վերցվում են 20 օրվա հսկողության (ջերմաչափում), մանկական կոլեկտիվներում սահմանվում է կարանտին՝ 21 օրյա ժամկետով։
Կատարվում է նաև համապատասխան սխեմայով ակտիվ իմունացում պոլիվալենտ հակապոլիոմիելիտային կենդանի թուլացրած հեղուկ վակցինայով։ Առաջին վակցինացումը կատարվում է 3-3,5 ամսականում մեկ կաթիլից, ապա 1,5 ամիս ընդմիջումներով կատարվում է եռանվագ 1-ական կաթիլով ռեվակցինացում։ Երկրորդ ռեվակցինացումը կատարվում է աոաջին ռեվակցինացումից 2,5-3 տարի հետո, դարձյալ եռանվագ, մեկական կաթիլով։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն