Ավանդական բժշկություն Գնարբուկ — Первоцвет — Primula L.
Գնարբուկ (gnarbuk) - Первоцвет- Primula L.
Հայկական տարանունները - գարնանածաղիկ, գինարբուկ, թավրնջուկ, լախ-լախ, կովածաղիկ, կովացնծուկ, սոսուն
Դեղաբույսի նկարագրությունը
Գնարբուկազգիների ընտանիքին պատկանող, 15-30 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է: Տերևները պարզ են, ձվաձև, կնճռոտ: Ծաղիկները երկսեռ են, պսակը` ոսկեդեղին, հոտավետ: Պտուղը տուփիկ է: Գնարբուկի բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը` անտառային և վերին անտառային գոտիներում, գլխավորապես անտառի բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին, թփուտներում և այլուր: Ձմեռում է լավ, պտղակալում` ոչ կանոնավոր: Տարածվում է սերմերով: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղակալում` հունիս-օգոստոսին: Բույսը բավականաչափ լուսասեր է, պահանջկոտ խոնավության և պարարտ հողերի նկատմամբ: Հնում գնարբուկը համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալի, իսկ հույները այն համարել են Ոլիպոսի դեղաբույս և անվանել դոդեկատեոն, որը նշանակում է 12 աստվածների ծաղիկ: ՈՒկրաինայում դեղաբույսը համրավում է կյանքի պաշտպան:
Քիմիական բաղադրությունը
Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆերմենտ պրիմվերազա, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին: Արմատում, բացի վերոհիշյալ բաղադրատարրերից, կան նաև դաբաղանյութեր: C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713 մգ%-ի, իսկ չոր տերևահումքում` մինչև 6%-ի: Դեղաբույսը հարուստ է մանգանով:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը: Լայն ճանաչում ունեն գնարբուկի գարնանային և խոշորաբաժակ տեսակները: Ծաղիկները և տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը, երբ բույսը սկսում է թառամել: Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում: Նրա պիտանելիությունը 2 տարի է:
Գնարբուկը ժողովրդական բժշկություն հին դեղամիջոց է: Ծաղիկների եփուկը կիրառվել է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ: Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներն օգտագործվում են անքնության, գլխացավերի և նևրասթենիայի ժամանակ: Հոմեոպաթիայում բույսը օգտագործվում է երիկամային հիվանդությունների և նևրալգիաների ժամանակ: Բույսը օֆիցինալ է Ռումինիայում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում: Մեզ մոտ արմատը ճանաչվում է խուխամուղ միջոց և օգտագործվում է գալենյան պատրաստուկների (եփուկ, մզվածք, թեյ) ձևով: Գիտականորեն պարզված է, որ գնարբուկի դեղամիջոցները խուխամուղ հատկությամբ գերազանցում են Ամերիկայից ներմուծվող սենեգային և փսխարմատին: Ահա թե ինչու որոշ երկրներում այդ խուխամուղ դեղամիջոցները լիովին փոխարինված են գնարբուկով: Բույսը նաև միզամուղ, քրտնամուղ, հանգստացնող, սպազմալիտիկ, լուծողական և վիտամինակիր է: Վերջին հատկանիշով գնարբուկը լայն կիրառում ունի C և A հիպո- կամ ավիտամինոզների ժամանակ: Ծաղկեպսակները ընդունում են որպես թեյ` միգրենի, գլխապտույտների, անդամալուծության, անքնության, ֆիզիկական գերլարվածության հողի վրա առաջ եկած ասթենիայի ժամանակ և այլն: Բույսի արմատի և կոճղարմատի ջրիկ մզվածքը մտնում է բրոնխիալ ասթմայի և բրոնխիտների բուժման նպատակով լայն ճանաչում գտած չեխոսլովակյան սոլութան պատրաստուկի բաղադրության մեջ:
Ծաղիկներից պատրաստված եփուկը ցրտառական հիվանդությունների ժամանակ նշանակվում է ոչ միայն ըմպելու, այլև քթանցքները ողողելու համար: Այս եփուկը օգտակար է քրոնիկական փորկապության ժամանակ, համապատասխան դոզայով օգտագործելիս երեխաների մոտ առաջանում է քուն: Պարզված է, որ գնարբուկի պատրաստուկներն ուժեղացնում են ստամոքսի հյութազատությունը, միաժամանակ բարձրացնում ընդհանուր նյութափոխանակությունը: Ամբողջ բույսը օժտված է մանրէասպան հատկությամբ: Ըստ Ս. Յա. Զոլոտնիցկայայի տվյալների, մեր հանրապետության գնարբուկի ռեսուրսները հնարավորություն կտան տարեկան պահեսավորել 10 տ-ից ավելի չորացրած հումք: Մեր կողմից դեղաբույսը` եփուկի ձևով, կիրառվել է վերին շնչուղիների կատառի, սուր և քրոնիկական բրոնխիտների և թոքաբորբերի ժամանակ: Բոլոր դեպքերում ստացել ենք արտահայտված խուխամուղ, հազը փափկացնող և հանգստացնող արդյունք: Բուժումը` համակցելով հակաբակտերիալ պատրաստուկների հետ, ավելի է բարձրացել դեղաբույսի ներգործությունը հիվանդների ընդհանուր վիճակի վրա:
Գնարբուկի կիրառումից հիվանդների մոտ կողմնակի երևույթներ չեն նկատվել:
Կիրառման եղանակները
Արմատից և կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 0,5 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Չոր ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 15 րոպե, ապա ընդունում օրվա մեջ 3 անգամ: Արմատից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 400 մլ ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` օրական 2-3 անգամ, կամ 30-40 գ արմատը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում, ապա ըմպում վերոհիշյալ եղանակով, կամ 5 գ մանրացրած չոր արմատը 1 բաժակ ջրում եռացնում են 15 րոպե, ապա, ըստ ճաշակի, ավելացնում են շաքար կամ մեղր և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:
Տերևներից եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում և ըմպում վերոհիշյալ ձևով, կամ 5 գ (1 թեյի գդալ) տերևափոշին կես բաժակ ջրում փակ ամանի մեջ եփում են 20 րոպե, ապա ըմպում օրվա մեջ 2 նվագով:
Արմատից և կոճղարմատից կարելի է պատրաստել նաև ոգեթուրմ` 1:4 հարաբերությամբ, 70 աստիճանի սպիրտով, այն ընդունելով ջրով` 30-ական կաթիլ, օրական 2-3 անգամ:
№ 4 հավաքածուն, որն իր մեջ հավասարաչափ պարունակում է տատրակի տերևներ, գնարբուկի և Հեղինեի կղմուխի արմատներ, կիրառվում է տրախեիտների և բրոնխիտների ժամանակ որպես հազը հանգստացնող միջոց: Այս խառնուրդից 2 թեյի գդալ ավելացնում են 1 բաժակ եռման ջրին, եռացնում 5 րոպե, քամում 15 րոպե հետո և ըմպում կումերով` 1 օրվա մեջ: Որպես խուխամուղ և հանգստացնող միջոց վերցնում են հավասարաչափ գնարբուկ, եզան լեզու, մեղրածուծ և բերենիկե: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում ու ըմպում օրվա ընթացքում 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշներ
Բույսի տերևներից պատրաստում են սալաթ, որն ունի դուրեկան համ և հոտ, օգտակար է հատկապես C հիպովիտամինոզի ժամանակ: Այս նպատակով Հոլանդիայում և Անգլիայում գնարբուկն ունի լայն կիրառում, իսկ արմատը, որն ունի անիսոնի հոտ, օգտագործվում է որպես համեմունք: Տերևները կարող են ծառայել նաև որպես թեյի փոխարինիչ:
Գնարբուկը նեկտարատու է, միաժամանակ` կերախոտ, պուրակները, ծաղկաթմբերը և մայթեզրերը գեղազարդող ծաղկաբույս: Բույսի վերգետնյա մասն ունի գործվածքները գորշ ձիթապտղագույն ներկելու հատկություն:
Հեղինակ. Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն