Առաջին նախաբժշկական օգնություն
Այրածքներ
Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի և աստիճանի այրվածքներ։ Այրվածքները կարող են վարակի, ջրազրկման, շոկի պատճառ հանդիսանալ։ Այրվածքները նաև շատ ցավոտ են, հաճախ հաշմող և այլանդակող։ Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների։
Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության կամ ճառագայթման հետևանքով մաշկի և մարմնի այլ հյուսվածքների վնասումն է։ Հետևաբար այրվածքները կարելի է դասակարգել ըստ այրվածքն առաջացնող գործոնի՝ ջերմային, քիմիական, էլեկտրական, ճառագայթային։
Ջերմային այրվածքներն առաջանում են բարձր ջերմաստիճանի՝ հյուսվածքների վրա տեղային ազդեցությունից (տաք հեղուկներ կամ առարկաներ, տարբեր նյութերի գոլորշիներ կամ բոց)։
Քիմիական այրվածքները սովորաբար առաջանում են ուժեղ թթուներից կամ հիմքերից։ Այս նյութերը կարող են արագ քայքայել մաշկը։ Քիմիական այրվածքները կարող են առաջանալ քիմիական նյութի հետ շփումից անմիջապես հետո կամ որոշ ժամանակ անց։ Էլեկտրական այրվածքներն առաջանում են, երբ էլեկտրական հոսանքն անցնում է տուժածի մարմնով՝ վնասելով մաշկը, փափուկ հյուսվածքները և ներքին օրգանները։ Մաշկն էլեկտրականության հանդեպ օժտված է որոշակի դիմադրությամբ, որի շնորհիվ մաշկով անցնող էլեկտրական էներգիան վեր է ածվում ջերմայինի և առաջացնում այրվածքներ։ Էլեկտրական այրվածքները հիմնականում խորն են և տուժածի մարմնի վրա տեղակայվում են հոսանքի մուտքի և ելքի տեղերում։
Ճառագայթային այրվածքներն ավելի հաճախ առաջանում են արևի ճառագայթներից և նման են ջերմային այրվածքներին։ Սովորաբար նրանք մակերեսային են, տարածուն և ցավոտ։ Բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ ավելի արագ են ստանում արևային այրվածքներ, քան մուգ մաշկ ունեցող մարդիկ։ Առօրյա կյանքում մարդիկ հազվադեպ են ենթարկվում այլ տիպի ճառագայթների ազդեցության։ Այրվածքները լինում են տարբեր աստիճանի՝ մակերեսային, մասամբ թափանցող և խորը թափանցող։
Մակերեսային այրվածքը մաշկի վերին շերտը ընդգրկող այրվածքն է։ Վնասված մասի մաշկը կարմրած է և չոր։ Որպես կանոն, այրվածքի շրջանը լինում է ցավոտ և այտուցված։ Այս այրվածքների ապաքինումից հետո սպիեր չեն առաջանում։
Մասամբ թափանցող այրվածքը մաշկի երկու շերտերը ընդգրկող այրվածքն է։ Այս վնասվածքի դեպքում մաշկը կարմրում է, նրա վրա առաջանում են հեղուկով լցված բշտեր։ Բշտերը կարող են բացվել։ Այս դեպքում տեղի է ունենում հեղուկի արտահոսք, որի հետևանքով մաշկը դառնում է խոնավ; Վնասված մասը խիստ ցավոտ է և այտուցված։ Այս այրվածքների ապաքինումից հետո հնարավոր է սպիերի առաջացում։ Խորը թափանցող այրվածքը մաշկը և խորանիստ հյուսվածքները վնասող այրվածքն է։ Նման այրվածքի մակերեսը շագանակագույն է կամ գորշ, իսկ ստորև գտնվող հյուսվածքները՝ երբեմն սպիտակավուն։ Այս այրվածքները լինում են սաստիկ ցավոտ, իսկ եթե այրվածքը վնասել է մաշկի նյարդային վերջավորությունները, ապա կարող է լինել անցավ։ Խորը թափանցող այրվածքների ժամանակ վնասվում են արյունատար անոթները, սակայն արյունահոսություն կարող է չլինել, քանի որ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ արյունը մակարդվում է։ Այս այրվածքների ապաքինումից հետո առաջանում են կոպիտ սպիեր։
ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԾԱՆՐ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԸ
Ծանր այրվածքները վտանգավոր են վարակի անցման, ջրազրկման ու շոկի զարգացման տեսակետից և պահանջում են անհապաղ մասնագիտական բուժօգնություն։
Այրվածք ստանալուց անմիջապես հետո միշտ չէ, որ հաջողվում է որոշել այրվածքի ծանրությունը։ Նույնիսկ մակերեսային այրվածքները, երբ մաշկը վնասված է մեծ մակերեսով, կամ երբ այրվածքները տեղակայված են մարմնի որոշակի մասերում, կարող են կյանքի համար վտանգավոր լինել: Այրվածքի ծանրությունն ըստ ցավի ուժգնության դժվար է գնահատել, քանի որ նյարդային վերջավորությունները կարող են վնասված լինել, և նույնիսկ ծանր այրվածքը կարող է համեմատաբար անցավ լինել։ Այրվածքի ծանրությունը պայմանավորված է այրվածքի խորությամբ, մակերեսով, մարմնի վրա տեղակայմամբ, տուժածի տարիքով, առողջական վիճակով։
- Խորությանը: Այրվածքի խորությունը կախված է այրվածք առաջացնող գործոնից։ Ջերմային այրվածքի դեպքում այն կախված է
ջերմաստիճանից, քիմիական այրվածքի դեպքում՝ քիմիական նյութի տեսակից և խտությունից, էլեկտրական այրվածքի դեպքում՝ էլեկտրական հոսանքի ուժից և լարումից, իսկ ճառագայթային այրվածքի դեպքում՝ ճառագայթման ինտենսիվությունից (մեծ բարձրության վրա արևային ճառագայթումն ավելի ուժեղ է)։ Այրվածքի խորությունը պայմանավորված է նաև այրվածք առաջացնող գործոնի ազդեցության տևողությամբ։
- Մակերեսը։ Շատ կարևոր է ճիշտ գնահատել այրվածքի մակերեսը քանի որ ինչքան մեծ է այն, այնքան ավելի մեծ է շոկի զարգացման վտանգը։ Այրվածքի մակերեսը կարելի է որոշել, գիտենալով, որ ձեռքի ափը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 1%-ը (նկ.12.1ա)։ Կարելի է կիրառել նաև «ինների կանոնը», համաձայն որի, չափահաս մարդու և 14 տարեկանից մեծ երեխաների գլխի և պարանոցի մակերեսը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 9%, յուրաքանչյուր ձեռքը՝ 9%, յուրաքանչյուր ոտքը՝ 18%, իրանի առջևի կամ հետևի մասը՝ 18% և շեքի շրջանը՝ 1% (նկ. 12.1գ)։ 14 տարեկանից փոքր երեխաների մոտ «ինների կանոնը» չի կիրառվում, քանի որ նրանց մարմնի համաչափություններն այլ են (նկ.12.1բ)։ Տարիքի հետ երեխայի մարմնի մասերի մակերեսների այս հարաբերությունները փոխվում են։
Եթե այրվածքը վնասել է մարմնի մակերեսի 1%-ից ավելին, ապա տուժածը պետք է դիմի բժշկի։ Եթե այրվածքի հետևանքով վնասվում է չափահաս մարդու մարմնի մակերեսի 10%-ից ավելին, իսկ փոքր երեխաների և տարեց մարդկանց մոտ՝ 5-7%-ից ավելին, ապա այդ այրվածքը վտանգավոր է կյանքի համար։
- Մարմնի վրա տեղակայումը։ Այրվածքները վտանգավոր են, եթե տեղակայված են գլխի և պարանոցի շրջանում, քանի որ կարող են դժվարացնել շնչառությունը։ Վտանգավոր են նաև սեռական օրգանների շրջանում տեղակայված այրվածքները, քանի որ շատ ցավոտ են և կարող են շոկի պատճառ դառնալ։
- Տուժածի տարիքն ու առողջական վիճակը։ Այրվածքն ավելի վտանգավոր է տարեց մարդկանց, փոքր երեխաների, ինչպես նաև թերսնված, վատառողջ մարդկանց մոտ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Այրվածքներ ստացած տուժածին օգնություն ցուցաբերելիս կարևոր Է ապահովել անվտանգությունը, քանի որ այրվածք առաջացնող գործոնը կարող է վնասել ձեզ և շրջապատի մարդկանց։
- Դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը։
Ջերմային այրվածք
Տաք հեղուկով ներծծված կամ բոցավառվող հագուստը երկարատև Է ներգործում այրված մասի վրա։ Որոշ սինթետիկ գործվածքներ ջերմությունից հալվում և կպչում են մաշկին՝ դանդաղեցնելով սառեցումը։ Նման այրվածքները, սկզբում լինելով թեթև, որոշ ժամանակ անց կարող են ծանրանալ։
Այդ պատճառով, առաջին հերթին դադարեցրեք ջերմության ազդեցությունը։ Արձակեք և այրվածքի մակերեսից արագ հեռացրեք հագուստը։ Մի պոկեք մաշկին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասեք, այլ մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք հագուստի ազատ մասերը։ Հնարավորինս արագ հեռացրեք մատանիները, ժամացույցը և բոլոր ճնշող իրերը։
Եթե բռնկվում է հագուստը, հետևեք պարզ կանոնին՝ «Կանգնել, ընկնել և գլորվել»։ Կանգնե'ք, դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք գետնին և գլորվե'ք, մինչև որ հագուստը դադարի վառվել (նկ.12.2)։ (Եթե տուժածը խուճապի է մատնվել, ապա դուք ինքներդ կարող եք հանգցնել կրակը` գցելով նրան գետնին և ծածկելով խիտ գործվածքով (ծածկոց, վերարկու և այլն)։
Քիմիական այրվածք
Քիմիական նյութի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ այն գտնվում է մաշկի վրա։ Ուստի պետք է շտապ հեռացնել այն մաշկի վրայից` լվանալով հոսող ջրի տակ։ Որոշ նյութեր, օրինակ՝ չհանգած կիրը, որոշ թթուներ, ջրի հետ փոխազդելով՝ ջերմություն են արտադրում, այդ պատճառով, մինչև ջրով լվանալը, աշխատեք հնարավորինս արագ հեռացնել քիմիական նյութը չոր գործվածքով կամ փափուկ խոզանակով։ Զգույշ եղե՛ք, քանի որ քիմիական նյութը կարող է դիպչել ձեր մաշկին։
Եթե քիմիական նյութը վնասել է աչքը, ապա առնվազն 15 րոպե լվացեք այն հոսող ջրի տակ։ Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր՝ աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը (նկ. 12.3)։ Աշխատեք, որ ջուրը մուտք գործի կոպերի տակ։ Մի՛ տրորեք աչքը։
Էլեկտրական այրվածք
Անջատեք էլեկտրական հոսանքի աղբյուրը: Մի՛ դիպեք էլեկտրահարված տուժածին, մինչև էլեկտրականությունը չանջատվի։
Ճառագայթային այրվածքներ
Հնարավորինս արագ դադարեցրեք ճառագայթումը։ Արևային այրվածքների դեպքում տեղափոխեք տուժածին ստվերոտ տեղ կամ ծածկեք մարմինը գործվածքով (հագուստ, սրբիչ և այլն)։
- Սառեցրեք այրված մակերեսը։
Նույնիսկ այրվածք առաջացնող գործոնի հեռացման դեպքում փափուկ հյուսվածքները շարունակում են ենթարկվել ջերմային վնասման՝ առաջացնելով լրացուցիչ վնասվածքներ։ Հետևաբար, անհրաժեշտ է սառեցնել այրված մակերեսը։ Դրա համար կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած հարմար միջոց՝ դույլ, ցնցուղ։ Պետք չէ օգտագործել սառույց կամ սառցաջուր։ Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ սառեցնել հոսող ջրով, տեղադրեք սառը, թաց սրբիչ կամ սավան։ Եթե թրջոցը տաքանում է մարմնի ջերմաստիճանից, ապա ժամանակ առ ժամանակ թրջեք կամ փոխեք թրջոցները։
Այրվածքի մակերեսը պետք է սառեցնել առնվազն 15-20 րոպե։ Եթե այրված մասը ջրից հանելիս տուժածը շարունակում է ցավ զգալ, կամ այրված մակերեսը դեռ տաք է, ապա շարունակեք սառեցումը։ Եթե այրվածքը տարածուն է, պետք չէ երկար ժամանակ պահել այն ջրի տակ՝ մարմնի գերսառեցումից խուսափելու համար։ Չի կարելի սառեցնել խորը թափանցող և էլեկտրական այրվածքները։
- Նվազեցրեք վարակի ներթափանցումը։
Վարակի ներթափանցումը նվազեցնելու նպատակով ծածկեք այրված մակերեսը ստերիլ անձեռոցիկով կամ մաքուր գործվածքով և թույլ վիրակապեք։ Եթե այրվածքն ընդգրկում է մեծ մակերես (մարմնի 10%-ից ավելին), ապա ծածկեք այն մաքուր չոր սավանով կամ մազախավ չունեցող այլ գործվածքով։ Այրվածքների դեպքում մի օգտագործեք կարագ, յուղ կամ այլ միջոցներ։ Դրանք կարող են վարակի աղբյուր հանդիսանալ։ Բացի այդ, դրանք այրված մակերեսին քսելիս, դուք կարող եք վնասել բշտերը։ Հնարավորության դեպքում տեղադրեք չոր ստերիլ անձեռոցիկ և ամրացրեք կպչուն սպեղանիների կամ թույլ վիրակապի միջոցով։
Մի՛ բացեք և մի՛ վնասեք բշտերը, հակառակ դեպքում կտրուկ կմեծանա վարակի ներթափանցման վտանգը։ Այրվածքը մշակելու ժամանակ մի՛ շնչեք այրվածքի վրա և մի' դիպեք նրան։ Թեթև, մակերեսային և ոչ տարածուն այրվածքները, որոնք չեն պահանջում բժշկական միջամտություն, մշակվում են վերքերի նման։ Լվացեք այրված մակերեսը հոսող ջրի տակ և այն պահեք մաքուր: Այս դեպքերում կարելի է օգտագործել հատուկ հակաայրվածքային քսուքներ։ Ուշադիր եղեք և հետևեք վարակի ներթափանցման հետևանքով զարգացող նշաններին։
- Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
Ցավը և ջրազրկումը, խորը թափանցող կամ նույնիսկ տարածուն մակերեսային այրվածքների դեպքում, կարող են հանգեցնել շոկի զարգացման։
Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան հեղուկներ՝ քաղցր թեյ, սուրճ կամ հիմնային հանքային ջրեր (Ջերմուկ, Արզնի)։ Պառկեցրեք տուժածին՝ հնարավորության դեպքում բարձրացնելով այրված մասը սրտի մակարդակից վեր։ Եթե տուժածի շնչառությունը դժվարացած է, ապա օգնեք նրան ընդունել կիսանստած դիրք։ Օգնեք պահպանել մարմնի ջերմությունը՝ ծածկելով նրան սավանով կամ որևէ թեթև ծածկոցով։
Եթե տուժածին հնարավոր չէ արագ տեղափոխել հիվանդանոց, ապա պատրաստեք հետևյալ լուծույթը՝ 3-4 թեյի գդալ շաքարը և կես թեյի գդալ աղը լուծեք մեկ լիտր (4-5 բաժակ) ջրում: Ժամը մեկ տվեք տուժածին առնվազն երկու բաժակ այդ լուծույթից։ Չի թույլատրվում տալ տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր։
- Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
- Եթե այրվածքի հետևանքով դժվարացած է տուժածի շնչառությունը։
- Եթե այրվածքը տեղակայված է գլխի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։
- Եթե տուժածը երեխա է կամ տարեց մարդ, և վնասվել է մարմնի մակերեսի 5%-ից ավելին։
- Եթե այրվածքը վնասել Է մարմնի մակերեսի 10% –ից ավելին։ Եթե այրվածքն առաջացել է էլեկտրական հարվածի հետևանքով։
ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ
- Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասվի, այլ մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք հագուստի ազատ մասերը։
- Մի՛ օգտագործեք կարագ, յուղ կամ այլ նման միջոցներ;
- Մի՛ բացեք կամ վնասեք բշտերը։
- Մի դիպեք այրված մակերեսին։
- Մի՛ շնչեք այրվածքի վրա։
- Մի՛ սառեցրեք ջրով խորը թափանցող կամ էլեկտրական այրվածքները։
- Մի՛ դիպեք էլեկտրահարված տուժածին հոսանքն անջատելուց առաջ։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների՝
- Տնային ջեռուցիչներն օգտագործեք նվազեցրած ռեժիմով, ջուրը շատ մի՛ տաքացրեք։
- Մի՛ թողեք փոքր երեխաներին առանց հսկողության լոգարանում, խոհանոցում կամ այն վայրերում, ուր միացրած ջեռուցիչներ կան։
- Սալօջախի վրա կաթսաների բռնակները դարձրեք այնպես, որ երեխաները չկարողանան դրանց հասնել։
- Էլեկտրական սարքավորումների լարերը ծալեք կամ փաթաթեք։
- Քայքայիչ նյութերի սրվակների վրա ունեցեք նախազգուշական պիտակներ։ Քիմիական նյութերը պահեք երեխաներից հեռու։
- Զգույշ վարվեք կրակի հետ։ Մի թողեք երեխաներին խաղալ լուցկու, գազայրիչների և կրակի այլ աղբյուրների հետ։ Մի՛ ծխեք անկողնում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Այրվածքով տուժածին առաջին օգնություն ցուցաբերելիս՝ առաջին հերթին ապահովեք սեփական անվտանգությունը և կատարեք հետևյալ հիմնական գործողությունները.
- Դադարեցրե՛ք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը։
- Սառեցրե՛ք այրված մակերեսը։
- Նվազեցրե՛ք վարակի ներթափանցումը։
- Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
- Անհրաժեշտության դեպքում ահազանգե՛ք շտապ օգնություն։
- Վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները և ցուցաբերե՛ք համապատասխան աոաջին օգնություն։
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն