Իրադարձություններ Հայաստանում
6IMCA սատելիտային սիմպոզիում․ Հիմնարար և տրանսլացիոն հետազոտությունները կենսաբժշկությունում, հարցազրույց Արսեն Առաքելյանի հետ
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ շրջանակում կենսաբժշկության ոլորտի հիմնարար և տրանսլացիոն հետազոտություններին նվիրված սատելիտային սիմպոզիումին ներկայացվելու են տարբեր զեկույցներ՝ Արսեն Առաքելյան (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ/ . «Գենոմիկայի դերը Հայաստանում իրականացվող կենսաբժշկական հետազոտություններում», Գոհար Ցականովա (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ). «Գերկարճ իմպուլսներով լազերների հիման վրա աշխատող տեխնոլոգիաների կենսաբժշկական կիրառությունները», Գայանե Մանուկյան (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ). «Բնական քիլեր բջիջների ցիտոտոքսիկությունը հակաֆոսֆոլիպիդային սինդրոմի ժամանակ», Նելլի Բաբայան (Toxometris.ai ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) «Մեքենայական ուսուցման գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը դեղերի մշակման գործընթացում» և այլն…
Ներկայացնում ենք մեր զրույցը սիմպոզիումի նախաձեռնող-կազմակերպիչ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։
Խոսենք առողջապահության մեջ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի /ՄԿԻ/ դերի մասին։
Մոլեկուլային կենսաբանությունը /ՄԿ/ այն հետազոտությունների ոլորտն է, որի վրա հիմնված է ժամանակակից բժշկությունը: Չկա որևէ նորագույն բժշկական զարգացում, մշակում, թերապիայի նոր մեթոդ, դեղամիջոց, որի հիմքում ընկած չեն մոլեկուլային կենսաբանության ոլորտի հետազոտությունները: Ամենավառ օրինակներից է իմունոթերապիան՝ քաղցկեղի բուժման վերջին նորագույն միջոցը, դրան կարելի է ավելացնել նաև իմունային համակարգի հիվանդությունների բուժումը, նոր դեղերի բացահայտումը, գենետիկական հետազոտությունները, ախտորոշումը, բժշկական գենետիկան, ցողունային բջիջները:
ՄԿ հետազոտության արդյունքները հետագայում ներդրվում են բժշկության ոլորտ, դրանց հիման վրա մշակվում են հիվանդությունների նորագույն, բարձրարդյունավետ բուժման, ախտորոշման մեթոդներ:
Այդ նույն խնդիրներով զբաղվում ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայում և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: ՄԿԻ-ն ստեղծվել է բավականին վաղուց՝ 1966-ին, ԽՍՀՄ տարիներին՝ Հայաստանում մոլեկուլային կենսաբանությունը որպես կամուրջ դեպի առողջապահական խնդիրների լուծումը զարգացնելու նպատակով:
Այս պահին հետազոտությունների շրջանակը բավականաչափ լայն է. ունենք 12 տարբեր ուղղվածությունների լաբորատորիա, որոնք, մեծավ մասամբ առնչվում են հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, մոլեկուլային թիրախների բացահայտմանը, և որոնց արդյունքները կարող են հետագայում դառնալ կամ ախտորոշիչ կենսամարկեր, կամ նոր դեղի ստեղծման թիրախ:
Մենք այժմ մոլեկուլային իմունաբանության լաբորատորիայում ենք. այստեղ հետազոտվում են իմունային խանգարումների մեխանիզմները՝ կապված հիմնականում աուտոիմունային, աուտոբորբոքային /միջերկրածովյան ընտանեկան տենդ, կամ երևանյան հիվանդություն/ հիվանդությունների հետ:
Կարելի՞ է ասել, որ ծառայում եք միայն առողջապահական ոլորտին, թե՞ կան այլ ուղղվածություններ ևս։
Հետազոտությունները չեն սահմանափակվում միայն առողջապահական ոլորտով, ունենք նաև այլ խմբեր, օրինակ, խումբ, որը զբաղվում է խաղողի գենետիկայով: Վերջերս հրապարակվեց հոդված՝ նվիրված խաղողի էվոլյուցիային և ընտելացմանը, որը ցույց տվեց, որ 11 հազար տարի առաջ այս տարածաշրջանում արդեն սկսվել է խաղողի ընտելացումը՝ վայրի տեսակից անցումը մշակութային տեսակների:
Ունենք գիտական խմբեր, որոնք զբաղվում են դեղագործությանն առնչվող հետազոտություններով, օրինակ, օգտագործում ենք համակարգչային մոդելավորումը՝ նոր դեղերի բացահայտման համար: Եթե կա թիրախը, կարելի է գտնել դրա վրա ազդող մոլեկուլը, որն էլ կարող է դառնալ դեղամիջոցի հիմք:
Կա խումբ, որը զբաղվում է հիմնարար հետազոտություններով: Նյարդակենսաբանության ոլորտում ուշադրության կենտրոնում են նյարդաբանական հարցերը, օրինակ, թե նյարդերում տարբեր անցուղի մոլեկուլների կազմվածքային փոփոխություններն ինչպես են ազդում դրանց գործառույթների փոփոխության վրա:
Առողջապահությամբ չենք սահմանափակվում, բայց ճնշող մեծամասնությունը կապված է առողջապահական ոլորտի հետ:
Իրականացնում ենք ևս մեկ կարևոր գործառույթ՝ պատրաստում ենք մասնագետներ, որոնք հետագայում աշխատանքի են անցնում առողջապահության ոլորտում: Գործում են առանձին կրթական ծրագրեր՝ Հայ-Ռուսական համալսարանի, նաև այլ բուհերի հետ համատեղ, որտեղ պատրաստում ենք հետազոտող մասնագետներ, որոնք այդ հետազոտություններից զատ, ներուժ են նաև կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներում:
Կովիդի համավարակի ժամանակ մեր մասնագետները մեծածավալ աշխատանքներ կատարեցին տարբեր լաբորատորիաներում։ Մենք նաև ուսուցողական թրեյնինգներ էինք կազմակերպում:
Ինչպե՞ս որոշվեց ձեր մասնակցությունը 6 IMCA-ին:
6 IMCA-ի հետ համագործակցության տեսակետից այս տարին մեզ համար շատ նշանակալից է, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում հանրությունը բաժանված է ճամբարների՝ բժիշկների և կենսաբժշկության ոլորտում գիտաշխատողների, և որոնք շատ քիչ են շփվում միմյանց հետ: Այս փաստը բացասական է անդրադառնում գիտական ոլորտի զարգացման վրա: Եվ առաջին անգամ՝ բժշկական մեծ համաժողովի շրջանակում, նախաձեռնվեց սատելիտային սիմպոզիում կազմակերպել, որտեղ, հենց բժիշկների՛ համար, ներկայացվելու են հիմնարար, կիրառական և տրանսլացիոն հետազոտությունների արդյունքներ:
Սա լավ հնարավորություն է՝ ցույց տալու բժշկական հանրությանը, որ Հայաստանում հետազոտություններ, գիտական համագործակցություններ իրականացնելու և հետաքրքիր արդյունքներ ստանալու մեծ ներուժ կա:
Մեր բժիշկները շատ են աշխատում արտասահմանյան հետազոտողների հետ, բայց քիչ է հայաստանյան հետազոտողների հետ համագործակցությունը: Առավել ևս հիմա, երբ մեր գիտական հետազոտությունների հնարավորությունները շատ ենք մեծացրել։ Մենք նախաձեռնում ենք մի քանի խոշոր ծրագրեր, որոնց մեկնարկը կլինի, երևի թե, հաջորդ տարի։ Օրինակ, մենք ստեղծելու ենք Հայաստանի գենոմի հետազոտական կենտրոն, որով հետազոտվելու են քաղցկեղների ախտորոշման, հետազոտման մեթոդներ:
Սիմպոզիումի շրջանակում ներկայացվելու են հետաքրքիր թեմաներ․ «Կյանքի տպում», «Արհեստական բանականության և կենսաինֆորմատիկայի նորագույն մեթոդների համադրումը նոր դեղերի նախագծման գործընթացում», «Գենոմիկայի դերը Հայաստանում իրականացվող կենսաբժշկական հետազոտություններում» և այլն: 6 IMCA-ի շրջանակում բարձրաձայնվող ամենահետաքրքիր թեման` Ձեզ համար:
Սատելիտային սիմպոզիումում հատուկ մտածված կերպով մեկ հատված նվիրեցինք Հայաստանում ստեղծված կենսաբժշկական ոլորտում աշխատող ստարտափներին, որովհետև դա բավականին նոր զարգացում է, երբ հետազոտողներն ու գիտնականները ինչ-որ ժամանակ աշխատելով, արդեն որոշում են իրենց կուտակած գիտելիքները, հմտությունները, արդյունքները բերել ավելի կիրառական ոլորտ: Իսկ այսօր դրա ճանապարհն ամբողջ աշխարհում ստարտափների միջոցով է իրականացվում։ Իհարկե, դրանք մի փոքր ռիսկային են, բայց նաև՝ հաջողվելու դեպքում հեղաշրջում է կատարում այդ ոլորտում:
Սիմպոզիումում մեր ինստիտուտի գործընկերների կողմից նեկայացված մի խումբ ստարտափների ուղղությունն է՝ արհեստական բանականությունը որպես գործիք օգտագործել դեղերի բացահայտման և մշակման գործընթացներում։
Դա կարևոր է, որովհետև դեղերի հետազոտության արդյունքից մինչև դեղի օգտագործումը տևում է մոտավորապես 15 տարի: Արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս էապես կրճատել այդ ժամանակը: Այն թույլ է տալիս հարյուր հազարավոր քիմիական միացություններից ընտրել ակտիվ մոլեկուլները, կանխագուշակել, թե ինչպե՞ս դրանք կպահեն իրենց օրգանիզմում, որտե՞ղ կկուտակվեն, ինչպե՞ս կքայքայվեն և դուրս կգան օրգանիզմից: Կա ստարտափների հետաքրքիր մի մեծ խումբ ևս, որոնք կենտրոնացած են կենսահամատեղելի նյութերի մշակմանը և օգտագործմանը. օրինակ, պրոթեզավորման համար․ օգտագործելով եռաչափ տպիչներ, կարողանում ենք ստանալ իմպլանտներ, որոնք կարելի է օգտագործել օրգանիզմում: Սա շատ հետաքրքիր ոլորտ է, և ես անհամբեր սպասում եմ այդ զեկույցներին:
Երրորդ ուղղությունը գենոմիկան է, որը դարձյալ առնչվում է արհեստական բանականության հետ, բայց՝ այլ ճյուղով: Այդ մեթոդները կիրառելով՝ հնարավոր է գտնել այն գեները, սպիտակուցները, որոնք կապված են հիվանդության հետ:
Գենոմային ճարտարագիտության ոլորտում մոլեկուլային կենսաբանության մեթոդներով հնարավոր է միջամտել բջջի գենոմի մակարդակով։ Օրինակ, քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներից է, երբ քաղցկեղով հիվանդ բուժառուից վերցնում են քաղցկեղային բջիջները չտարբերող իմունային բջիջներ, և Տ լիմֆոցիտներին ավելացնում են հատուկ նիշեր, որոնք կարողանում են տարբերել քաղցկեղային բջիջները, և դրանք նորից ներարկում են բուժառուին: Արդյունավետությունը շատ մեծ է: Արյան քաղցկեղների ժամանակ արդեն կան հաստատված բուժման մեթոդներ։ Ինչպես միշտ, դրանք սկզբում չափազանց թանկ են լինում:
Ինձ համար սատելիտային սիմպոզիումում հետաքրքիր են բնային բջիջների և մակածված բնային բջիջների կիրառությունը բժշկության մեջ, հենց քաղցկեղների ժամանակ իմունոթերապիան և իմունային բջիջների կոմպետենտության բարձրացման մեթոդները՝ դրանք հետագայում կիրառելու համար, և այդ գործընթացի հետ կապված բուժման նկատմամբ կայունության առաջացման խնդիրները:
Ունե՞ք արտերկրից հրավիրված մասնագետներ։
Միտումնավոր ենք որոշել, որ սեկցիան անցկացնելու ենք հայ մասնագետների մասնակցությամբ՝ հնարավորություն տալով Հայաստանի բժշկական կազմակերպություններին, հայ բժիշկներին տեղեկանալ, թե Հայաստանում կենսաբժշկության ոլորտում ինչ նոր և հետաքրքիր հետազոտությունների հնարավորություններ կան:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն