Հրատապ թեմա Հայաստանում
Ծերությունը Հայաստանում. կենսաթոշակային խնդիրներ (մաս 2-րդ)
Սպասքի մետաղական զրնգոցն ու ափսեների շխկշխկոցը խառնվում են խուլ ձայներին և թարմ պատրաստված մակարոնի բույրին Երևանի Շենգավիթի բարեգործական ճաշարանում :
Հարյուրից ավելի տարեցներ հերթ են կանգնել իրենց բաժինը ստանալու կամ էլ խմբվել ենինքնաշեն սեղանների մոտ և արդեն ճաշում են. քանդակազարդ առաստաղով տպավորիչ սրահում ամռան տոթի պատճառով օդն ասես կանգնած լինի:
Չնայած վերջին տարիներին կյանքի տևողությունը երկարել է, իսկ առողջապահական ծառայությունները` բարելավվել, կենսաթոշակառուների մի հոծ խումբ, որ կանգնած սպասում է անվճար տաք ապուրի, վկայում է Հայաստանի դեռ շարունակվող տնտեսական դժվարությունների մասին: Երբ թոշակն ամսական ընդամենը 31.000 դրամ է (75 դոլար) մի երկրում, որտեղ գնաճի հետևանքով ապրանքների գները անդադար բարձրանում են, շուրջ կես միլիոն ծերեր հազիվ են ծայրը ծայրին հասցնում:
Սոնա Հովակիմյանը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ հիմնադրած բարեգործական ճաշարանի 25-ամյա սոցիալական աշխատողը, քաջ ծանոթ է իր տարեց շահառուների խնդիրներին: Որպես 150 սոցիալապես անապահով կենսաթոշակառուների միակ խնամակալ` նա ասում է, որ նրա աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, պարտականությունների շրջանակը՝ լայն:
«Տարեց մարդիկ տեղեկատվության կարիք ունեն, քանի որ չգիտեն, թե ինչպես պայքարեն սեփական իրավունքների համար, կամ էլ չունեն անհրաժեշտ հմտություններ՝ հոգալու իրենց կարիքները»,- ասում է նա` իր նեղ ու փոքր, բայց արևոտ գրասենյակում նստած: Ծանր քայլելով՝ ներս են մտնում մի քանի ծերեր, Հովակիմյանը նրանց ողջունում է ջերմ ժպիտով. «Մենք փորձում ենք բարելավել նրանց կյանքն ու օգնում ենք լուծելու խնդիրները»:
Ծերերից շատերի կենսապայմաններն իրոք սարսափելի են: Եթե 90-ականների սկզբին ջեռուցում և գազամատակարարում չկային Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով, ապա այժմ ծերերը չեն կարողանում դրանցից օգտվել արդեն անընդհատ բարձրացող գների հետևանքով, ասում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ նահագահ և համահիմնադիր Հռիփսիմե Կիրակոսյանը:
100-ամյա Ելենա Աբրահամյանը մեկն է «Առաքելություն Հայաստանի» 4000-ից ավելի շահառուներից: Կազմակերպության սոցիալ-առողջապահական ծառայությունների կոորդինացման բաժնի ղեկավար Նուրիկ Դաղունցի խոսքով՝ մեկ դար ապրած այս կինը լքված էր ու միայնակ: «Տաղանդավոր նկարչուհի էր, բայց նրան գտանք՝ մատները ցրտահարված, որովհետև ջեռուցման վարձն ի վիճակի չէր վճարել»,- պատմում է նա:
Այսօր Աբրահամյանը նորից նկարում է, նա նաև հուշեր է գրել իր կյանքի փորձությունների և ապրումների մասին` որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած: Ցույց տալով «Առաքելություն Հայաստանի» մասնաշենքի պատերից մեկից կախված կտավը, որում պատկերված են ծաղկամանի մեջ դրված նուրբ ճերմակ և բաց մանուշակագույն ծաղիկներ, Դաղունցն ասում է. «Մեզ է նվիրել՝ ի նշան երախտագիտության»:
Հայաստանի բնակչության 16 տոկոսը հասել է կենսաթոշակային տարիքի: Եվ չնայած «Առաքելություն Հայաստանի» և նման ՀԿ-ների օգնության, Հայկական բարեգործական ընդհանուր միության ճաշարանի առկայության և բարեգործական այլ աջակցության՝ ծերացող հասարակությունն այս երկրում շուտով չափազանց սրությամբ է զգալու կենսաթոշակային խնդիրների բացասական ազդեցությունը:
Թեև աշխատավարձերից 26 տոկոս պահվում է որպես կենսաթոշակային հատկացում, միջին կենսաթոշակն անգամ ավելի քիչ է, քան սպառողական զամբյուղով սահմանված կենսապահովման համար անհրաժեշտ նվազագույն դրամը:
«Մենք այս համակարգը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, այստեղ մի սերունդը վճարում է գալիք սերնդի համար»,- ասում է Արմեն Ուդումյանը՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» համագործակցությունների զարգացման և ռեսուրսների ներգրավման պատասխանատուն:
Ուդումյանի կազմակերպությունը մասամբ ֆինանսավորվում է պետության կողմից՝ կենսաթոշակային հետագա բարեփոխումների մասին իրազեկելու նպատակով: Նրա խոսքով՝ հին համակարգն այլևս կենսունակ չէ: Ծերացող հասարակության, գործազրկության բարձր տոկոսի և երիտասարդների շարունակվող արտագաղթի պարագայում, ընդհանուր առմամբ, մեծապես նվազել է եկամուտ ստեղծող պոտենցիալ հարկատուների թիվը: Խնդիրն ավելի է սրվում այսպես կոչված «ստվերային տնտեսության» առկայությամբ, երբ որոշ գործատուներ, իրենց աշխատակիցների համաձայնությամբ, թաքցնում են իրական եկամուտը՝ խուսափելով լրիվ հարկերը վճարելուց:
Ճիշտ է, երկիրը դժվար կացության մեջ է, բայց անմխիթար չէ: Պարտադիր կենսաթոշակներ նախատեսող բարեփոխմամբ՝ 16-40 տարեկան աշխատողները հնարավորություն ունեն իրենց սեփական կենսաթոշակային ֆոնդը ստեղծելու և ապահովելու իրենց ծերությունը: Աշխատանքով ապահովված մարդիկ այսօր կարող են վերահսկել իրենց կենսաթոշակային կուտակային հաշիվները և որոշել, թե ինչպես տնօրինել սեփական խնայողությունները:
Չնայած շատերը թերահավատորեն են վերաբերվում այս բարեփոխմանը, Ուդումյանի խոսքով՝ վերջին փոփոխությունները որոշակի առավելություններ են խոստանում: Նա հավաստիացնում է, որ համակարգն ավելի թափանցիկ կդառնա՝ սկսած կենսաթոշակային կուտակային հաշիվների վերահսկումից և ավելի խիստ հարկային հսկողությունից մինչև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը:
Բայց անգամ նոր համակարգի ներմուծումը չի լուծում կենսաթոշակային առկա խնդիրները: Հայաստանցիները շոշափելի փոփոխություն կսկսեն զգալ միայն 2037 թ., երբ առաջին տարիքային խումբը, ըստ նոր համակարգի, անցնի կենսաթոշակի: «Այս բարեփոխումը կենսաթոշակառուների ներկայիս սերնդի վրա չի ազդի: Միայն հաջորդ սերունդը կօգտվի»,- ասում է Ուդումյանը:
Անահիտ Գևորգյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների վարչության պետի տեղակալը, համամիտ է, որ բարեփոխումները այսօրվա տարեցների հոգսը չեն թեթևացնի. «Ինձ վրա էլ չի ազդելու, ես էլ եմ ցածր կենսաթոշակ ստանալու»:
Նրա խոսքով՝ փոքր պետական բյուջեով հանդերձ, իրավիճակը բարելավվում է: «20 տարի առաջ Հայաստանը չուներ ծերերի աջակցության ոչ մի համակարգ: Հիմա մենք 5000 շահառու ունենք, որոնք տնային խնամք են ստանում, 1250-ը ծերանոցներում են, իսկ 2500-ն էլ՝ ցերեկային խնամքի կենտրոններում են աջակցություն ստանում»:
Կառավարությունը նաև իրավիճակը բարելավելու երկարաժամկետ ռազմավարական ծրագիր է մշակում: Ծրագրի նպատակներից են՝ վերապատրաստել գերոնտոլոգներ, որոնք կզբաղվեն ծերերի խնդիրներով, ինչպես նաև անօթևան ծերերի համար կառուցել բնակարաններ, ստեղծել Հայաստանում առաջին «հոսփիսները», որոնք պալիատիվ խնամք կապահովեն մահացու հիվանդների համար, և բացել ևս հինգ ցերեկային խնամքի կենտրոններ տարեցների համար:
«Հուսով եմ՝ ծրագիրը կհաստատվի»,- ասում է նա՝ հավելելով, որ ծրագիրն այժմ քննարկման փուլում է: «Եթե անգամ ծրագրի 20 տոկոսն էլ ֆինանսավորվի և կյանքի կոչվի, տարեցների կյանքում որակական մեծ փոփոխություններ կլինեն»:
Վերադառնալով Շենգավիթի ճաշարան՝ ճաշն ավարտած ծերերը պատրաստակամորեն պատմում են իրենց մասին: 71-ամյա Սվետլանա Ղազարյանը նստած է ճոճաթոռին ճաշարանին կից զուսպ, կոկիկ խորհրդատվությունների սենյակում: Հետևի պատից կախված է Վան Գոգի «Մորմոքող ծերունի» կտավի վերատպությունը, որում ալեհեր մի ծերունի նստած է դատարկ սենյակում՝ գլուխը բռունցքների մեջ առած:
Ճաշարանում շատերի նման, Ղազարյանը ոչ միայն ինքն է գոյատևում իր աղքատիկ թոշակով, այլև օգնում է ընտանիքին: Նրա, 32-ամյա հաշմանդամ դստեր և 4-ամյա թոռան ապրուստի միջոցը ամսական 50.000 դրամ (120 դոլար) կենսաթոշակն է:
«Մենք այդ փողով ձգում ենք մինչև ամեն ամսվա 20-ը,- ասում է նա թարգմանչի օգնությամբ: - Գազի ու էլեկտրականության վարձերը տալուց հետո տակը բան չի մնում ուրիշ բաների համար: Վերջին տասը օրերին մեր միակ փրկությունը «Առաքելություն Հայաստանն» է»:
Աղքատությունը հերիք չէ, նա նաև ընտանեկան բռնության զոհ է: «Մեկ-մեկ, որ ուտելու բան չենք ունենում, աղջիկս ինձ ծեծում է»,- ասում է նա՝ արցունքներն աչքերից թափելով, և ցույց տալիս կապտուկներով ու սպիներով պատված ձեռքերը:
Բարեփոխումները գուցեև ճանապարհին են, իսկ մինչ այդ Ղազարյանը և նրա պես շատերը, որ հավաքված են անհրապույր ընդունարանում և սոցիալական աշխատողի խորհրդատվությանն են սպասում, միաձայն ասում են, որ «Առաքելություն Հայաստանի» պես կազմակերպությունները փոխել են իրենց կյանքը: Որոշ դեպքերում արդեն առաջխաղացում է նկատվում:
«Ես շատ գոհ եմ, քանի որ տարիներ շարունակ չկար այն օգնությունը, որ այսօր ունենք,- ասում է 74-ամյա Ռոզա Հակոբյանը, ով հաշմանդամ դստերն է խնամում՝ գոյատևելով միայն կենսաթոշակով: - Առաջ հագնելու կոշիկ էլ չունեինք»:
Մեջքը պատին հենած, վառ վարդագույն վերնաշապիկը հագին՝ Ռ. Հակոբյանն ասես տոկունության և մարդու համակերպվելու ունակության մարմնավորումն է: Այն հարցին, թե ապագայի ի´նչ հույսեր ունի, նա պարզապես պատասխանում է. «Ուտելու, հագնելու բան լինի` ինձ հերիք ա, ուրիշ բան չեմ ուզում»:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն