Բժշկի ընդունարանում
«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1
«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք… Եվ մեր թշնամիներն են, որ պետք է հիշեցնեն դա: Թվաց՝ ապրածս ամբողջ կյանքը, գերության մղձավանջի օրերը` հատկապես, նախապատրաստություն են եղել այս հանդիպման»: Գևորգ Գրիգորյանի «Դժոխքից վերադարձ կա» գրքից:
Արցախյան պատերազմն ի՞նչ զգացումներ առաջացրեց Ձեր մեջ, և ինչպե՞ս որոշեցիք մեկնել Արցախ:
Բժիշկների մասնակցությունը պատերազմին հասկանալի է: Անկասկած, իր հոգում բժիշկը պետք է ունենա մարդասիրական զգացումներ: Նա, առաջին հերթին, պետք է ալտրուիստ լինի և, բնական է, որ ժողովրդի գլխին կախված ծանր վտանգի պահերին, ներքին մղումով, իր մասնակցությունը բերի այդ գործին:
Արցախյան պատերազմին շատ բժիշկներ են մասնակցել՝ մեկը չէ, երկուսը չէ, տասնյակ, անգամ 100-ավոր բժիշկներ իրենց լուման ունեն այդ գործում, մեկը` շատ, մյուսը՝ քիչ: Չեմ կարծում, թե այն բժիշկը, որը պատերազմ չի գնացել, բայց այստեղ՝ թիկունքում է վիրավորներին ընդունել, քիչ գործ է արել: Նրանց գործն, իրականում, ավելի երկարատև է: Ճակատում աշխատող բժիշկներս վիրավորներին վիրահատում էինք հնարավորին արագ, փորձում դուրս բերել շոկից և 1-4 օրվա ընթացքում ուղարկում թիկունք` ավելի որակավորված կլինիկաներում հետագա բուժում ստանալու համար, որտեղ նրանք գուցե ամիսներ էին անցկացնում: Այնպես որ, տարբերություն չեմ տեսնում ռազմաճակատային հոսպիտալներում և թիկունքում գործողների միջև:
Բայց թիկունքում չկա կյանքը պատրաստակամությամբ վտանգի ենթարկելու գործոնը...
Առաջնագծում, վտանգի խնդիրն, իհարկե, կա, բայց դա կա ամենուր, փողոցում էլ մարդը կարող է պատահարից մահանալ: Հայրս պատերազմից տուն եկավ աչքի վնասվածքով, իսկ նրա ընկերը՝ Սարգիսը, վերադարձավ առանց մի քերծվածքի, հերոսացած: Բայց նա այստեղ ընկավ տրամվայի տակ և երկու ոտքը կտրեցին: Այնպես որ, փորձանքը, եթե գա, ամեն տեղ էլ կարող է գալ:
Հետ գնանք դեպի Արցախյան գոյամարտի օրերը...
Ռազմաճակատի հոսպիտալներում միայն վիրավորներ չէ, որ ընդունում էինք, մեզ քաղաքացիական հիվանդներ էլ էին դիմում: Բուժում էինք, վիրահատում: Իսկ բուժման ու ախտորոշման հնարավորությունները շատ սուղ էին: Միայն շոշափումով և, եթե գիտակցությունը տեղն էր, 2-3 հարց տալով` պետք է ախտորոշեինք, որոշեինք վիրահատության ծավալը:
Վիրավորի փրկության գործում բոլորի դերը նույն կարևորությունն ուներ. և՛ քանդված ճանապարհներով հնարավորին ուշադիր ու արագ տեղ հասցրած վարորդինը, և՛ սանիտարներինը, և՛ բուժքույրերինը, և՛ բժիշկներինը, և՛ օժանդակ բանվորինը, որ հոսանքի գեներատորն էր գործի գցում, որ լույս լինի: Կարևոր էր անէսթեզիոլոգի գործը, որովհետև առանց լավ անզգայացման երկար վիրահատություն դժվար է կատարել:
Գետաշենում հիմնականում աշխատել եմ տեղային անզգայացմամբ, երբեմն ստիպված էի ինքս ընդհանուր անզգայացում կիրառել, ապա` վիրահատել: Բոլոր բժիշկ-ները: Բոլոր բժիշկներն են այդ պայմաններում աշխատել:
Սկզբնական շրջանում մեկնում էին կամավորության սկզբունքով: Ես մեկնել եմ 1989-ի հոկտեմբերին, պատրաստ աշխատելու` որտեղ վիրաբույժի կարիք լիներ: Արձակուրդս ձևակերպեցի և մեկնեցի: Արցախում առաջին անգամ էի: Ստեփանակերտից գնացի Հադրութ, աշխատեցի 1-1,5 ամիս, մինչև տեղի բժիշկը՝ Գառնիկ Ալեքսանյանը վերադարձավ: Նա հերոսաբար աշխատեց պատերազմի ժամանակ: Ցավոք, այլևս ողջ չէ:
Հետո «Սպիտակ» փրկարարական ջոկատի հետ, որի անդամներից էի, եղանք Ստեփանակերտում, Քարվաճառում: Այնուհետև «Սպիտակը» կազմակերպեց «Արցախ» ջոկատը: Ստեփանակերտում փրկարարական գործողություններ էինք կատարում, որովհետև Շուշիից անընդհատ ռմբակոծում էին քաղաքը: Միշտ կային վիրավորներ, զոհեր:
Մի քանի անգամ եղա Արցախում: Բայց իմ գործունեությունը հիմնականում կապված է Գետաշենի հետ: Գետաշեն մեկնեցի գործուղմամբ` 1990-ի նոյեմբերի 24-ին: Տղաների հետ երբեմն մենք՝ բժիշկներս էլ էինք բարձրանում դիրքեր: Երբ հարձակվում էին, մենք էլ էինք զենք վերցնում: Մեր բոլորի գործը մեկ էր և փոխկապակցված: Ես մնացի մինչև ինձ փոխարինելու եկավ Վալերի Խաչատրյանը: Արդեն 1991-ի մարտ ամիսն էր:
Կա՞ դեպք, որն առանձնանում է:
Նոյեմբերի 30-ին Մարտունաշենի մարտերի ժամանակ, երբ մերոնք թշնամուն հետ շպրտեցին, մի գերի էին վերցրել: Վիրավոր էր, բնականաբար, վիրահատեցինք, լավացավ: Ես դա հիշեցի համեմատության համար: Որովհետև 1991-ի մայիսին, երբ Կիրովաբադի բանտում էինք, մեր հանդեպ ազերիների վերաբերմունքն ահավոր էր: Ինձ ավելի շատ էին տանջում ու ծեծում` ասելով, որ, չնայած թերթերում գրել են, որ այն գերուն բուժել եմ, բայց «լավ չեմ բուժել»:
Որքա՞ն մնացիք Գետաշենում:
Վրաստանում ապրիլի վերջին երկրաշարժ եղավ: Մենք «Սպիտակ» ջոկատով մեկնեցինք Վրաստան: Մայիսին վերադարձա՝ կրկին Գետաշեն մեկնելու անհրաժեշտություն ծագեց: Գետաշենը շրջապատված էր, ոչ մի լուր չկար, կապ չկար, թշնամին ռացիան էլ էր ջարդել: Օդանավակայանում 10-14 բժիշկ պատրաստվում էին մեկնել ռուսական զինվորական ուղղաթիռներով: Հազիվ կարողացա գաղտնի մըտնել այդ ուղղաթիռներից մեկի մեջ և թաքնվել դագաղների, ալյուրի պարկերի հետևում:
Գետաշենում թշնամին և ռուսներն էին, իսկ ժողովրդին էվակուացնում էին: Եղիշ դայի անունով գետաշենցին ամբողջ ընտանիքով ակտիվ գործեր էր անում, կապ պահում բոլորի հետ, զենք էր տանում-բերում: Լավ ընտանիք էր, ինչպես ասում են՝ արմատներով հարազատ հողի մեջ` միակ ընտանիքն էր, որ գերդաստանով՝ թոռներով, տղաներով, հարսներով Գետաշենը չէին լքել: Թաթուլ Կրպեյանը մեծ գործ արեց այն առումով, որ չէր թողնում ոչ-ոք Գետաշենը լքեր, զենքի ուժով չէր թողնում, որովհետև, եթե քո թիկունքում ընտանիք չկա, լավ չես պաշտպանի հողդ: Բայց... Ռուսների օգնությամբ ազերին կարողացավ հայաթափել Գետաշենը:
Բայց ուղղաթիռը ստիպված էր վայրէջք կատարել Շահումյանում: Ես խնդրեցի, որ «Արաբո» ջոկատի հետախուզական խմբին միանամ: …Ձիերով հասանք Գետաշեն: Սակայն այնտեղ հայաթափման վերջին օրն էր և մենք էլ ժողովրդի հետ պետք է ուղղաթիռ բարձրանայինք: Ռուս զինվորը` անձնագրերում տեսնելով, որ Երևանի գրանցում ունենք, մեզ հանձնեց թշնամուն: Մեզ նստեցրին «Չոռնի վոռոն» կոչվող բանտային մեքենան և տեղափոխեցին Կիրովաբադի բանտ: 17 օր պահեցին այդ բանտում, ասացին, որ գնդակահարության հոդված են դրել մեզ վրա: Բայց 17 օր անց ազատեցին, որովհետև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, առաջին հերթին` «Կարմիր խաչը», մեր պետությունը, առողջապահության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, «Սպիտակ» փրկարարական ջոկատը, որը միջազգային կապեր ուներ, Խորհրդային Միության բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, Տոմսկի ինստիտուտը, որտեղ ես սովորել էի, Իրբեի հիվանդանոցը, որտեղ աշխատել էի, եղբայրս, ով վազվզում էր մի նախարարությունից մյուսը, ամեն բան արեցին, որ մեզ ազատեն:
...Ծեծված, ջարդված վերադարձանք Երևան: Մեզ՝ երեք բժիշկներիս, հիվանդանոց տեղափոխեցին:
Ադրբեջանական բանտը, թուրք-ազերին մոլորակում իրենց տեսակով, երևի թե, մեղմ ասած, խիստ առանձնահատուկ են: Դուք պետք է որ, դա լավ իմանաք արդեն…
Մեր թշնամին լավություն, մեծահոգություն ասվածը բոլորովին չի հասկանում: Բանտում հանցագործներ, հիվանդներ էին բերում ինձ մոտ բուժման: Ես չէի կարող վիրահատել, ոչ էլ այլ օգնություն ցուցաբերել, ընդամենը խորհուրդներ էի տալիս, որ դեղեր գտնեն և օգտագործեն: Բայց հետո բանտապահներն ավելի շատ էին ինձ ծեծում` ասելով, թե լավ չեմ բուժել: Ռուս բանտարկյալները բավականին ազատ էին, գնումներ էին կատարում և զարմանում էին մեր նկատմամբ նրանց վերաբերմունքից:
Մեզ 4 օր պահեցին կարցերում, որտեղ ոչ մի վայրկյան չէին թողնում նստել. գիշեր-ցերեկ խոնավ հատակին բոբիկ, մերկ կանգնած էինք: Հագուստն էլ թողնում էին անկյունում, որ տեսնենք, բայց իրավունք չունենանք հագնել, իսկ կարցերում շատ ցուրտ էր: Մի թուրք հանցագործ իմ լավ կոշիկները վերցրեց` ասելով, որ մեկ է, ինձ գնդակահարելու են: Իսկ ինձ տվեց իր մաշված, ճմրթված կոշիկները:
Երբ տեսնում էինք, որ դռան անցքից չեն նայում, մի փոքր նստում էինք, բայց հետո կանգնելն էր շատ դժվար՝ ծեծված, բռնված մկաններով, այնպես որ, նրանց մոտենալիս չէինք հասցնում կանգնել, և սկսվում էր ծեծ ու ջարդը՝ մինչև ուշաթափվելը: Եվ ապրելու հույս էլ չկար...
17 հոգի էինք՝ 3 բժիշկ: Երկուսս Երևանից էինք, մյուսները գետաշենցիներ էին: 3-ի վրա կեղծ հոդվածներ դրեցին և մեզ հետ չազատեցին, բայց մայիսի 23-ին ազատվելիս 17-ն էինք, որովհետև նոր բանտարկյալներ կային:
Մեզ` բժիշկներիս, առաջին 4 օրը ոչինչ չէին տվել ուտելու, միայն` ջուր: Այդ 4 օրը մենակ էի, հետո ռուս հանցագործներ բերեցին:
Չորս օր անց սկսեցին մի կտոր հաց տալ, մի գդալ շաքարավազ: Հետո, երբ արդեն միասին էինք բանտախցում, ապուրներ էին տալիս: Ընդ որում, հացն առանձին էին տալիս, գդալ էլ չկար, ճաշը պետք էր խմել: Չէինք կարողանում ուտել, հոտն ահավոր էր...
Մի անգամ կերակրի չափաբաժինը շատ էր, այն էլ՝ մսով: Կերա, քանի որ թուլացել էի: Տեսան, ինձ դուրս հանեցին միջանցք և Սկսեցին աքացիներ հասցնել որովայնիս, որ ստամոքսս պատռվի, մեռնեմ, բայց սպանություն կամ ինքնասպանություն չգրանցվի:
Դիմացանք, այդ փորձությունն էլ անցանք...
«…չիմանալով անգամ դիմելու ձևը` ես Աստծուց գութ էի խնդրում մեզ համար ու նաև թողություն` մեր դահիճներին, քանի որ «նրանք չգիտեին, թե ինչ են անում»: Այսպիսով, ես մոտեցա քրիստոնեության ակունքներին ու ինձ համար ստեղծելով հույսի ու հավատի լույսը՝ հանկարծ զգացի, որ, իրոք, դադարում են տանջել, կամ բոլորովին չէին բացում բանտախցի դռները»:
Գևորգ Գրիգորյանի` «Դժոխքից վերադարձ կա» գրքից:
Իսկ Ձեր հարազատներն այդ ընթացքում…
Արդեն ամուսնացած էի և 5 երեխա ունեի. փոքր աղջիկս այդ ժամանակ կրծքի երեխա էր: Հետաքրքիրն այն է, որ մեր բանտարկության օրը, ասես Աստծո կամեցողությամբ, կինս ծանր վիճակով՝ լեղաքարային հիվանդությամբ, դեղնությամբ, հիվանդանոց է տեղափոխվում: 17 օր նա եղել էր հիվանդանոցում: Եղբայրս այնպես էր կազմակերպել, որ կինս չիմանար իմ բանտարկության մասին: 17-րդ օրը նա դուրս է գրվել, նույն օրն էլ ես եմ վերադարձել:
Մեզ ազատեցին, վերադարձա «Էրեբունի» բժշկական կենտրոնում իմ սովորական աշխատանքին: Բայց դրանից հետո էլ բազմիցս մեկնել եմ Արցախ:
Այդ դժոխային օրերից հետո նորից եղե՞լ եք Արցախում:
1992-ին` Մարտակերտի կռիվների օրերին, «Արաբո» ջոկատի հետ մեկնեցի: Մինչև զինադադարը դարձյալ տարբեր հոսպիտալներում՝ Առաջաձորում, Դրմբոնի և այլ հոսպիտալներում ամիսներ, շաբաթներ շարունակ աշխատել եմ:
1994-ի հունվարին մեկնեցի և Ֆիզուլու հոսպիտալում էի աշխատում: Մարտի վերջին, թե ապրիլի սկզբին ինձ կարճ ժամանակով ուղարկեցին Երևան: Բայց եթե իմանայի, որ մեկ ամսից զինադադար է լինելու, կմնայի: Վերջապես, զինադադարից հետո, հանգիստ շունչ քաշեցինք:
Դրանից հետո մեկ-երկու անգամ եղել եմ Արցախում:
Դաշտային հոսպիտալներ, ռմբակոծություններ, բանտային տանջանքներ, բայց նորից ու նորից դեպի ռազմաճակատ: Ինչպե՞ս էիք հաղթահարել վախը…
Վախ չկար, միայն վտանգի պահին ինչ-որ ներքին տատանում, վիբրացիա էր լինում, բայց հետո ինքնատիրապետումը հանդարտություն էր բերում: Մի անգամ մի զինյալ պատանյակ ասաց, որ սարի գլխին ականի պայթյունից վնասված զինվորներ կան: Ինձ մի ճիպոտ տվեց, ու ես սկսեցի սար բարձրանալ ականապատ, ոլորապտույտ ճանապարհով: Ինչպե՞ս կարելի էր չվախենալ: Մեքենայի անիվների հետքերով դանդաղ, քայլառքայլ գնում էի: Իսկ վերևում պարզվեց, որ լուրը ճիշտ չէ: Իմ հետքերով կրկին քայլ առ քայլ հետ եկա:
Ամենազավեշտալին հետո եղավ: Երբ կանգնել էի մայրուղու վրա և չգիտեի, թե ինչպես ինչպես վերադառնամ հոսպիտալ, մի բեռնատար կանգնեց, որի մեջ մորուքավոր տղաներ էին նստած: Նրանք թուրքերեն խոսեցին ինձ հետ, ու ես մտածեցի` վերջ, նորից գերի ընկա: Բայց հետո պարզվեց, որ հայեր են, կատակ են անում:
Ձեր մեջ ի՞նչ է փոխել պատերազմը:
Կարևորն այն է, որ պատերազմն ինձ չի չարացրել: Թուրք վիրավորներին վերաբերվել եմ նույն կերպ, ինչպես հային, ինչպես բոլորին կվերաբերվեի: Անհատական ատելություն չի եղել: Բայց և՛ թուրքի, և՛ ադրբեջանցու մասին լավ բան ասել չեմ կարող: Եթե նա այսօր քծնում է, ժպտում, վաղը պատերազմ եղավ՝ գլուխդ էլ կկտրի…
Առաջին անգամ, երբ 1989-ին Ջաբրայիլում թուրքի ձեռք ընկանք, վիրավոր էինք տանում՝ հայ զինվոր, վերադառնալիս ճանապարհը կորցրել էինք: Մեզ այդտեղ շրջապատեցին, ուզում էին Լինչի դատաստան անել: Հադրութի պարետը ռուս ավտոմատավորներ բերեց, բայց անիմաստ էր, որովհետև թուրքերը շատ էին` հարյուրնե-րով, հազարներով: Մեքենայի դուռը բացեցին, ձեռքս փայտ ընկավ, խփեցի մեկի ձեռքին և կարողացա փակել մեքենայի դուռը:
Հետո ինչ-որ փողկապավոր, պաշտոնյա թուրքեր եկան, ամբոխը մի կողմ քաշվեց, մեզ ոստիկանություն տարան, մի քանի ժամ պահեցին, նորից էին ուզում մեղադրանք առաջադրել: Այդ ընթացքում վիրավորին տարան:
Մեզ ազատեցին, մեղադրանքն էլ հանեցին: Եվ քանի որ մայորը տեսավ, որ ես զինվորին լավ վերաբեմունք եմ ցուցաբերում, ասաց, որ կարող եմ շարունակել նրա բուժումը: Ջաբրայիլի հիվանդանոցից վերցրեցինք այդ զինվորին: Տեսա, որ նրա վերքին իմ դրած վիրակապը չէ, փոխված է: Հադրութում վիրակապը հանեցի, վերքերը խուլ կարած էին: Մտածեցի` գուցե բժիշկը չհասկանալով է նման կարեր դրել: Բայց երբ կարերը քանդեցինք, վերքերի մեջ խրձով թելեր էին, որ վարակը տարածվի: Նա լավացավ: Մեկ ամսից պետք է զորացրվեր այդ երեխան
Պատերազմական օրերի ընկերությունը…
Առ այսօր ընկերություն ենք անում, կապը միշտ պահում ենք բժիշկների, բուժքույրերի, ընկերների հետ:
Բազեյան Կարենը մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկն է, Արայիկը՝ Հադրութի գլխավոր բժիշկը, Տարոնն առանձին իր կենտրոնն է ստեղծում, անեսթեզիոլոգ Սուրեն Ինանցը… Սուրենն իմ հիշողություններում առանձնանում է իր հոգատարությամբ, Նա ոչ մի րոպե հիվանդի կողքից չէր հեռանում, մինչև չհամոզվեր, որ վիճակը կարգավորվել է: Հիմա 8-րդ հիվանդանոցում է աշխատում, հաճախ ենք հանդիպում:
Անցած ուղին չի մոռացվում: Մարտական ընկերն այլ է, գիտես, որ միշտ թիկունքիդ կանգնած է, այնտեղ՝ մարտական օրերին է փորձություն անցել:
Մինչև բժիշկ դառնալը երազե՞լ եք այդ մասին…
Մեր տոհմում բժիշկ չի եղել, ոչ-ոք ինձ չի ուղղորդել: Չորրորդ դասարանում ես վիրահատվեցի, մինչև հիմա հիշում եմ բժշկիս՝ Նիկոլայ Գեղամիչ Վանեցյանի բարի աչքերը` դա դաջվեց իմ հիշողության մեջ: Հետո կարդացի Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը» գիրքը, որտեղ գլխավոր հերոսն էլ է բժիշկ դառնում: Դա ինձ ոգևորեց: Տարիներ անց մայրիկիս վիրահատեցին, և ես վերջնականապես որոշեցի բժիշկ դառնալ, հատկապես՝ վիրաբույժ: Սկսեցի ինքնուրույն գորտերի, որդերի վրա տարբեր վիրահատություններ անել:
Ընդունվեցի դժվարությամբ՝ 6-րդ տարում միայն: Այդ ընթացքում ծառայեցի բանակում: Երրորդ կուրսից տեղափոխվեցի Ռուսաստան: Հետո գործուղվեցի Կրասնոյարսկի երկրամաս և 5 տարի աշխատեցի այնտեղ: Կրասնոյարսկի Իդրինի շրջանը 10 հազար քառ. կմ էր, այսինքն` մեր Արցախի տարածքի չափ: Ես համարյա մենակ եմ այնտեղ աշխատել` որպես վիրաբույժ: Բաժնի վարիչն էլ էր փորձառու վիրաբույժ, բայց նա հաճախ բացակայում էր: Սկզբում անփորձ էի, բայց աստիճանաբար որոշակի հմտություններ ձեռք բերեցի: Հետո վերադարձա Տոմսկ՝ շարունակելու կըրթությունս: Օրդինատուրան ավարտելուց հետո` 1986-ին, վերադարձա Երևան:
Դուք ունեք հրատարակած գրքեր…
Դպրոցական տարիներին գրելու փորձեր արել եմ, պատմվածքներ, արձակ բանաստեղծություններ էի գրում, տալիս էի թերթերին, բայց սկզբում չէին տպում: Տարիներ անց հանդիպեցի հայագետ Լյուդմիլա Մոտալովային, որ չեխերեն էր թարգմանում հայ գրականության գոհարները: Նա Թումանյանի, Կոմիտասի 100-ամյակին եկել էր Հայաստան: Դրանից տարիներ անց «Գարուն» ամսա-գրում կարդացի, որ Գրացիա Բաղդասարյանը Լյուդմիլայի մասին հուշեր է հավաքում: Ես գրեցի մեր հանդիպման պատմությունը: Նրան զարմացրել էր, թե Սիբիրից ով է մաքուր հայերոնով գրել: Այդպես մեր միջև կապ ստեղծվեց: Սկսեցին հրատարակել իմ գրածները: 1983-ին ուղարկեցի «Մի բուռ կարոտ» վերնագրված գործերս՝ մանկության մասին, բժշկի հուշեր, արձակ գործեր: Այն ևս հրատարակվեց: Դա ավելի ոգևորեց ինձ:
Առայժմ հրատարակած չորս գիրք ունեմ: Գրքերից մեկը Թաթուլ Կրպեյանի մասին է, մեկն էլ «Դժոխքից վերադարձ կա» գիրքն է` Գետաշենի անկման և մեր գերության մասին: Տպագրվում եմ «Նորք», «Литературная Армения» ամսագրերոմ:
Եթե նորից…
Անկասկած, կգնամ:
ՆԱՆԵ
գրող, հրապարակախոս
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն