Բժշկի ընդունարանում
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2
«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների մեծ մասը ներգրավված էին պատերազմում տուժած զինծառայողների տարհանման, առաջին օգնության ցուցաբերման և բուժման հետագա գործընթացի կազմակերպման գործում։
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկները՝ Տիգրան Քամալյանը, Սամվել Վարդանյանը, Նորայր Միքայելյանը, Արթուր Ավետիսյանը, տարբեր օրերի են մեկնել Արցախ և պատահականորեն միմյանց հանդիպել են Մարտունու շրջանի հոսպիտալում։
Պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Սամվել Վարդանյանը պատմում է.
«Պատերազմի լուրը լսելուն պես գնացել եմ զինկոմիսարիատ։ Այնտեղ ինձ ասացին, որ երբ հարկ լինի, կկանչեն։ Անցավ 2 օր՝ չկանչեցին, նորից գնացի, բացատրեցի, թե ինչ մասնագետ եմ, իմ փորձառությունը ներկայացրեցի, որից հետո ասացին՝ կարող եք պատրաստվել և երկու ժամից գնալ»։
Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի պատմությունը գրեթե նույնն է.
«Հենց առաջին օրերից գնացի զինկոմիսարիատ։ Չզանգեցին այնքան ժամանակ, մինչև զայրացա… Ստիպված ուղարկեցին։ Երբ հասա Արցախ, Նորայրն արդեն այնտեղ էր։ Հետո միացան Արթուրն ու Սամվելը։ Եվ այդպես բոլորս հայտնվեցինք նույն տեղում` Մարտունու հոսպիտալում»։
Նորայր Միքայելյանը դիմածնոտային վիրաբույժ է, նա էլ պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ լսել է պատերազմի մասին լուրը, կապ է հաստատել 2016-ի քառօրյայում միասին աշխատած բժիշկների հետ, ու բոլորը միասին միանգամից մեկնել են Արցախ։
Անոթային վիրաբույժ Արթուր Ավետիսյանը հավելեց.
«Արցախում բոլորս միասին էինք հոկտեմբերի 2-ից։ Իհարկե, ոչ մեկը չէր կարող պատկերացնել պատերազմի մասշտաբները, վիրավորների թիվը, և ադապտացիոն շրջան բոլորիս հարկավոր էր։ Շատ արագ կարողացանք հունի մեջ մտնել ու հարմարվել: 44 օր և ավելի անցանք էքստրեմալ բժշկության, մահվան, կյանքի և կռվի միջով։ Կային բժիշկներ, որ մնացին Արցախում ավելի քան 60 օր»։
«Այն, ինչ տեսանք, անհնար էր նույնիսկ պատկերացնել, անգամ հոլիվուդյան ֆիլմերում,- պատմում է Սամվել Վարդանյանը։- Բեկորային, բազմաբեկորային վիրավորումներ, խոր այրվածքներ... Բայց մենք վիրաբույժ ենք, շոկի մեջ ընկնելու իրավունք չունենք։ Վիրավորներին տեսնելով՝ միայն փրկելու մասին էինք մտածում, մյուս զգացմունքները բթանում էին… Բոլորս, բոլոր բժիշկները…»։
Տիգրան Քամալյանի խոսքով՝ մեր վիրավորներին փրկելու համար արել են անգամ անհնարինը:
«Ամեն ինչ կազմակերպված էր կատարվում, փորձում էինք առավելագույնս արդյունավետ աշխատել, որքան հնարավոր էր շատ զինվորների փրկել։ Ամեն ծանր վիրավորի համար հավաքվում էինք, խորհրդակցում, միասին որոշում էինք, թե ով կանի հերթական ծանր վիրահատությունը»։
Պատերազմի ընթացքում բժիշկները ոգեշնչվել և տպավորվել են տարբեր դրվագներով, պատմություններով, որոնք, ինչպես իրենք են ասում, ուժ են տվել իրենց։
Նորայր Միքայելյանն առանձնացնում է 18-20 տարեկան զինվորներին։
«Ապշեցնում էր նրանց պատրաստակամությունը։ Հոսպիտալում էլ, անկախ առողջական վիճակից, ոչ թե իրենց մասին էին մտածում, այլ առաջնահերթությունը տալիս էին ընկերոջը։ Մինչև մահ չեմ մոռանա այդ ամենը… Պատերազմի ընթացքում հայ զինվորներն արել են առավելագույնը, հայ զինվորը չի պարտվել…»։
Տիգրան Քամալյանի խոսքը բույժքույրերի և մայրապետերի մասին է, որոնց ներկայությունն ու կամքը փոխանցվում, ոգեշնչում էր նաև իրենց:
«Մի դրվագ պատմեմ. բավականին ուժեղ հրետակոծություն էր, ու ոչ մեկը չէր կարող ասել, թե չի վախենում: Բոլորս էլ հասկանում էինք՝ հաջորդ ռումբը կարող է ընկնել մեզ վրա… Մեր աղջիկներից մեկը վեր կացավ և ամբողջ ուժով բոլորիս վրա գոռաց՝ մի հատ ձեզ հավաքե՛ք: Պատկերացրեք՝ նույնիսկ ամենավախկոտն էլ իրեն հավաքեց, որովհետև հասկացանք՝ պետք է անենք մեր գործը, և վե՛րջ»։
Սամվել Վարդանյանը պատմում է միասնական, համակարգված աշխատանքի մասին.
«Պատերազմում վերջի սերնդի զինվորական տեխնիկա էր կիրառվում, գերակշռում էին բեկորային և բազմաբեկորային վնասվածքները, այրվածքային և վնասվածքային համալիրը պահանջում էր 2-3 մասնագիտացված վիրաբույժ` միաժամանակ. պետք էր փրկել ոտքը, կատարել որովայնային վիրահատություն, դադարեցնել ներքին արյունահոսությունը, մշակել խոր այրվածքները… Այդպիսի դրվագներն անթիվ էին, վիրավորումների բնույթը բարդ էր և ծանր»։
Պատերազմի ամբողջ ընթացքում՝ ամեն օր, բժիշկները ստիպված էին կայացնել որոշումներ, որոնք կարող էին բեկումնային, ճակատագրական լինել զինծառայողների և նրանց կյանքի համար:
«Ունեինք սահմանափակ թվով՝ 4-5 վիրահատական սեղան։ Լինում էր այնպես, որ բոլորը զբաղված էին, բայց բերում էին նոր վիրավորներ: Ստիպված վիրահատում էինք նաև միջանցքներում, քանի որ վիրավորին այլ բուժկետ տեղափոխել չէինք հասցնի»։
Արթուր Ավետիսյանը չի մոռանում վաշտի կամ ջոկատի երիտասարդ հրամանատարներին, որոնք չէին թողնում իրենց օգնություն ցույց տալ, նույնիսկ ստիպելով կամ ուժի գործադրմամբ, մինչև չէին համոզվում, որ իրենց զինվորներին արդեն ցույց են տվել անհրաժեշտ բուժօգնությունը, որ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
«Ունեինք դեպքեր, որ սպան կամ շարքային զինվորը, որին պատրաստվում էինք վիրահատել, վճռական պնդում էր՝ յոդ քսի՛, հետ գնամ։ Տղաները շատ դուխով էին, որոշում ընդունելը` սպոնտան»։
Բժիշկներիի բոլոր որոշումների հիմքում նախ` զինվորների կյանքը փրկելն էր, հետո` վնասված վերջույթները պահպանելը։
Տիգրան Քամալյանը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ բոլորը գիտակցել են՝ վիրավորումը այնպիսին է, որ դժվար է փրկել կյանքը, բայց վիրահատել են՝ հրաշքի հավատալով. Աստված միշտ շատ փոքրիկ հույս ու շանս թողնում է։
«Հաճախ դեմ էինք գնում ռազմադաշտային վիրաբուժության կանոններին՝ հնարավորին շատ կյանքեր փրկելու համար։ Իրականում ունեցել ենք լավ արդյունք. 2000 հոգուց ընդամենը 8-10 զինվոր է մահացել, այն տղաները, որոնց հոսպիտալ են հասցրել արյունաքամ, անհուսալի վիճակում»։
Նման ուղի անցած բժիշկներն ինչպե՞ս են վերադառնալուց հետո ինտեգրվում բնականոն կյանքին։ Այս հարցին պատասխանելուց առաջ նրանք խոր հոգոց հանեցին…
«Մի քանի օրում ամբողջ արժեհամակարգդ է փոխվում, ապրածդ ամբողջ կյանք վերագնահատում ես, վերստին արժեքավորում։ Ամեն ինչ փոխվել է՝ սկսած ընտանիքի, երեխաների, ապագայի հետ կապված հարցերից մինչև աշխատանքային առօրյա։ Ամեն ինչի սկսում ես այլ կերպ նայել ու հասկանում ես՝ արժեքներն ուրիշ տեղ են։
Առանձնահատուկ ուզում եմ խոսել Մարտունու հոսպիտալի պետ Լևոն Ջիվանշիրյանի մասին (ներկայում Իվանյանի հոսպիտալի պետն է)։ Նա կարողացավ այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ժամսլաքի ճշգրտությամբ էինք աշխատում։ Ինքը կարող էր գնալ խրամատից զինվոր բերել, մասնակցել վիրահատությանը և, միաժամանակ, կազմակերպել հոսպիտալի շուրջօրյա աշխատանքը։ Ակամա հետևում էինք նրա օրինակին, Նորայրը բազմիցս դիրքերից վիրավոր զինվոր է բերել: Նրա օրինակով կարող եմ հաստատ ասել՝ հենց ա՛յս տեսակ կազմակերպիչներ են հարկավոր մեր բանակին, այսպիսի՛ հրամանատարներ են պետք»։
44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում լինելով ռազմաճակատում՝ բժիշկները չէին մոռանում նաև իրենց երևանյան պացիենտներին։ Զանգում էին, զգուշացնում, որ Արցախում են։ Ով տեղեկանում էր, ասում էր` մենք լավ ենք, դուք ձեր ու զինվորների մասին մտածեք։
Նորայրը հավելում է.
«Իմ հիվանդներից շատերը նշանակված օրը եկան, բայց ոչ թե վիրահատության, այլ իրենց օգնությունն առաջարկելու, տեղահանվածներին ապաստաններ տրամադրելու համար»։
Հետաքրքրվեցիք, թե եղե՞լ են դեպքեր, որ պատերազմի օրերին հանդիպած վիրավոր զինծառայողին մինչև այդ ճանաչելիս լինեին։ Տիգրան Քամալյանը հիշեց.
«Սոցցանցերից հայտնի զինծառայող Վարազդատ Սանեյանին ես էի վիրահատել, թեպետ ինքը չէր հիշում։ Շատ ուրախացա, երբ տեսա, որ ամուսնացել է, անգամ երկու ոտքով մեքենա է վարում։ Դժվար էր հավատալ, որ նա կհաղթահարեր։ Եղբայրը նույնպես մեզ մոտ է վիրահատվել»։
Խոսելով պատերազմից հետո ձևավորված ընկերության մասին՝ բժիշկները համակարծիք էին. «Նախկինում Երևանում չորսս պարզապես բժիշկներ էինք, հանդիպելիս բարևում էինք։ Պատերազմում մեկ ժամ հետո հարազատ էինք, ամուր թիմ էինք` միասին ամեն ինչ անելու պատրաստ»։
Տիգրան Քամալյանն ավելացրեց.
«Միմյանց հանդեպ հոգատարություն ու հոգացավություն կար ամեն հարցում։ Երբ մեկս տասը և ավելի ժամ տևած վիրահատությունից հետո ուժասպառ մի անկյուն էր գտնում, մյուսներս, անկախ մեր վիճակից, ծածկում էինք նրան, սուրճ եփում… Չգիտեմ՝ դա գոյատևման, ինքնապաշտպանական բնա՞զդ էր, թե մի այլ բան, բայց «մարտական ընկեր» հասկացությունը, ըստ իս, հենց այս ամենի ամբողջությունն է, ոչ թե պարզապես նույն տեղում միասին գտնվելը»։
Զրույցն ավարտելիս վերջին հարցը հնչեց՝ պատրա՞ստ եք կրկին մեկնել ռազմաճակատ, եթե, Աստված մի արասցե, անհրաժեշտություն լինի։ Բոլորի պատասխանը հստակ էր ու աներկբա՝ այո՛, մի՛շտ պատրաստ։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն