Ավանդական բժշկություն Եզան լեզու մեծ - Подорожник большой - Plantago major L.
Եզան լեզու մեծ (ezan lezu) - Подорожник большой- Plantago major L.
Հայկական տարանունները - գաղտիկ, գաղտիկուր, գաղտնկուր, գառնալեզու, եզան լեզու, լեզվախոտ, լեզվակ, կաթնկոռնի, ճաղաթփիկ, մալի լեզու, ջղաթուփ, ջղախոտ
Դեղաբույսի նկարագրությունը
Ջղախոտազգիների ընտանիքին պատկանող, 10-40 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է, 3-9 խոշոր, ձվաձև տերևներով: Հասակը պարզ է, գլանաձև, պտուղը տուփիկ` 8-10 սերմիկներով: Տարածված են բույսի մեծ, միջին, նշտարատերև և այլ տեսակները, որոնցով շատ հարուստ է մեր հանրապետությունը: Բույսը բազմանում է սերմերով, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին: Բույսը տալիս է ցաք ու ցրիվ բուսուտներ: Բավականաչափ պահանջկոտ է հողի ու խոնավության նկատմամբ: Չոր եղանակին տերևները փռվում են գետնին, դրանով իսկ պահպանում արմատի խոնավությունը, մինչդեռ խոնավ եղանակին տերևները բարձրանում են: Բույսը աճում է ճամփեզրերին, աղբուտներում, ամայի տեղերում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքերի մեջ և այլուր:
Բույսի լատինական անունը նշանակում է ուղեկից, որն առաջացել է այն բանից, որ եզան լեզվի սերմերը հաճախ տարածվում են կոշիկներին կպած հողի և ցեխի հետ, այսպես ասած, ուղեկցում են մարդուն:
Քիմիական բաղադրությունը
Տերևներում հայտնաբերված են ինդիկանային աուկուբին գլիկոզիդը, դառը և դաբաղիչ նյութեր, կարոտին, C և K վիտամիններ, ֆլավոնոիդներ, մաննիտ, սորբիտ, կիտրոնաթթու, օլեինաթթու, պանտոտենաթթու, ադենին, ֆիտոնցիդներ, սեմերում` մինչև 44% լորձ, մոտ 22% ճարպայուղ, ածխաջուր, ստերոիդ սապոնիններ, ֆակտոր T, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով հիմանականում օգտագործում են բույսի տերևներն ու սերմերը, որոշ դեպքում նաև` արմատը:
Տերևները հավաքում են կոթուններով, ծաղկման սկզբից մինչև բույսի թառամելը և չորացնում բարակ շերտով` միջանցուկ քամու տակ կամ բացօթյա: Ստացված չոր հումքը սովորաբար կազմում է նախնականի 22-23%-ը: Բուժման համար պիտանի են նաև միջին և նշտարատերև տեսակները: Տերևները կարելի է հավաքել տարեկան 2 անգամ, իսկ օգտագործման համար պիտանի են մինչև 2 տարի: Սերմերը հավաքում են լիովին հասունանալուց հետո: Եզան լեզուն ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման շատ հին պատմություն: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ: Դեռևս հին հույներն ու հռոմեացիները բույսի սերմերն օգտագործել են դիզենտերիայի ժամանակ: Ավիցեննան նշում է եզան լեզվի բոլոր տեսակների օգտակարությունը վերքերի, ուռուցքների, քրոնիկական չարորոկ խոցերի, աչքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ: Նա բույսի տերևահյութը և սերմերը հաջողությամբ օգտագործել է ականջաբորբի, լնդերի ախտահարման, արյունախխումների և արյունային փսխումների ժամանակ` այս դեղամիջոցները խառնելով վարդաջրի և նույնատիպ ներգործող այլ դեղաբույսերի հետ:
Մխիթար Հերացին որպես փափկացնող միջոց բույսի սերմերը օգտագործել է սերմերի լավ ներգործության մասին: Տերևահյութի և սերմերի ազդեցությունն ավելի կատարյալ դարձնելու նպատակով Հերացին դրանք խառնել է գազի խեժի և օձագալարի հետ: Քսուքի ձևով բույսի հյութն օգտագործել է արտաքին ձևով` կարմիր քամու և ֆլեգմոնայի ժամանակ: Տարբեր բնույթի ջերմերի և աղիքային հիվանդությունների ժամանակ նա դեղաբույսն օգտագործել է թե՜ ներքին ընդունման, և թե՜ հոգնայի ձևով:
Դեղաբույսի ազդեցության վերաբերյալ հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: Նա նշում է, որ եզան լեզվի տերևահյութը և սերմերը օգնում են երիկամների և միզապարկի հիվանդություններին, հատկապես արյունամիզության դեպքում, այրվածքներին, մոլոքորին, ջերմից առաջացած գլխացավերին, միջին ականջի թարախաբորբին, բացում են լյարդի և փայծաղի ''կալուածը'', նպաստում արգանդի մի շարք հիվանդությունների բուժմանը, լավ արդյունք տալիս զանազան դեղորայքային թունավորումների և սիբիրախոցի դեպքերում: Ըստ Ամիրդովլաթի, Գալենը եզան լեզուն օգտագործել է թոքաբորբերի, գաստրիտների և ոսկրահոդացավային մի շարք հիվանդությունների ժամանակ, Էհանան` չոր հազի, տղամարդկանց սեռական թուլության և աղիքային նքոցների, Մասրճուեն` ստամոքսասրտային կապակցված ցավերի և մատնաշնչի (հյութը քացախով խառնած, թրջոցի ձևով դնում է մատին), Սապիթ Կուռանը` դիսուրիայի, Ըռուֆոսը` իշիասի (հյութը քացախով խառնած ծեփում է բորբոքված նյարդի շրջանում) և չոր էկզեմայի, Սահակը` մկնատամի բուժման և դաշտանի բացման (հոգնայի ձևով) համար:
Չինական ժողովրդական բժշկության մեջ եզան լեզվի տերևները կիրառվում են քրոնիկական բրոնխիտների, պլևրիտների, վերքերի բուժման համար, միաժամանակ որպես միզամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց, իսկ սերմերը` շաքարախտի, դիսպեպսիաների, տղամարդկանց և կանանց անարգասավորության դեպքում և այլն: Ֆրանսիայում տերևները օգտագործում են էնտերոկոլիտների, պալարախտային բնույթի լուծերի, քրոնիկական նեֆրիտի դեպքում: Գերմանիայում տերևներից պատրաստված թեյը օգտագործում են վերին շնչուղիների բորբերի ժամանակ, իսկ տերևահյութի կոմպրեսը` միջատների կծելու, ֆուրունկուլյոզի և ետպատվաստումային ռեակցիաների դեպքում: Հնդկական բժշկության մեջ սերմերը լայն ճանաչում են գտել ամեոբային դիզենտերիայի, երեխաների ամառային լուծի և ստամոքսաաղիքային այլ հիվանդությունների բուժման մեջ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը հանրահայտ է արյունախխումների, դիզենտերիայի, բղկոցների, ստամոքսային այրոցների, լյարդի, լեղապարկի, տարբեր ծագման դեղնուկների, լնդերի և ատամների հիվանդությունների, ակնաբորբի, թաց էկզեմայի, օձի և միջատների կծածների ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ ընդունված է բույսի թարմ տերևը խորասուզել եռացող ջրի մեջ և դնել բորբոքված հոդի, նյարդի, մատնաշնչով ախտահարված մատի, ֆուրունկուլի վրա և այլն: Սերմերը թրջում են 3-4 անգամ ավելի քանակով տաք ջրի մեջ, տրորում և կոմպրեսի ձևով դնում բորբոքված աչքերին: Ստամոքսի քաղցկեղի դեպքում տերևներից պատրաստում են բանջարապուր, տերևակոթերից` թեյ:
Տրորված տերևներն ունեն ցավ հանգստացնող և հյուսվածքների այտուցումը կանխելու հատկություն: Տերևահյութը, խառնված մանրացրած կավճի հետ, դրականապես է ազդում կարմիր քամու ժամանակ, երբ այս խառնուրդը քսում են մաշկի ախտահարված մասին:
Ֆարմակոլոգիական և կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ տերևների պատրաստուկներն արագացնում են վերքերի ամոքումը (Միրզոյան Ա. Հ. և ուրշներ, Ալիև Ռ.Կ.): Հեղինակները ուշագրավ տվյալներ են ներկայացնում ստուգիչ և փորձնական խմբի ճագարների վերքերի բուժման առումով: Այսպես, կիրառելով բույսի տերևների 20%-անոց մզվածքը, նկատել են, որ կարճ ժամանակում վերացել է վերքի իխորոզ (շարավոտ) հոտը, թարախարտադրությունը, արագացել են նրա հատիկավորումը և փոխարինող մաշկի գոյացումը: Մինչդեռ ստուգիչ խմբի կենդանիների վերքից շարունակվել է նեյտրոֆիլային բջիջներով, թարախածին կոկերով, մեռուկացված հյուսվածքների կտորներով հարուստ թարախային արտադրությունը: Ըստ Ս. Հ. Միրզոյանի և նրա աշխատակիցների, ջղախոտազգի տեսակների մեջ ամենամեծ ֆարմակոլոգիական ակտիվությամբ օժտված են մեծ եզան լեզուն (տերևները և արմատը), որն ըստ հեղինակների, պայմանավորված է ալկալոիդներով: Հեղինակների տվյալներով, նույն մզվածքը կատվի և ճագարի աղիների կենդանի գալարների վրա առաջ է բերում աղիքի տոնուսի բարձրացում, ռիթմիկ կծկման ամպլիտուդների մեծացում: Հեղինակները ռենտգենով նկատել են շների ստամոքսի տոնուսի բարձրացում, գալարակծկման խորացում: Մզվածքը կենդանիների վրա թողել է հանգստացնող և արյան ճնշումը կարգավորող ազդեցություն: Կլինիկական պայմաններում տերևների 20%-անոց մզվածքը խոցային հիվանդների վրա կիրառելիս նկատել են ցավերի մեղմացում, փսխման և փորկապության վերացում, հիվանդների ընդհանուր վիճակի կանոնավորում, քաշի ավելացում: Կուրսային բուժման հետևանքով այս բնույթի 45 հիվանդներից դրական արդյունք է նկատվել 32-ի մոտ, իսկ 17-ի մոտ վերացել է նիշան: Հեղինակների տվյալներով արդյունքը բավարար է եղել նույնիսկ բարձր թթվայնության պայմաններում:
Ըստ Բ. Ս. Նիկոլսկայայի տվյալների, բույսի թարմ հյութը արդյունավետ է աչքի երջրաթաղանթի վերքի բուժման դեպքում: Գիտականորեն հիմնավորված է տերևների (հյութի, թուրմի և մզվածքի ձևով) ֆարմակոդինամիկական ակտիվությունը` որպես արյունահոսությունը դադարեցնող, մանրէասպան, վերքամոքիչ, խուխամուղ և հիպոտենզիվ միջոց: Ֆիտոքիմիական հետազոտությունները ցույց են տվել տերևների հակախոցային և խոլեսթերինային փոխանակությունը կարգավորող բնույթը: Դեղաբույսի պատրաստուկներն ակնհայտորեն ներգործում են վերքերի միկրոբների, հեմոլիտիկ ստրեպտակոկերի, ստաֆիլակոկերի, կապտաթարախային բացիլի, աղիքային ցուպիկի և նախակենդանիների վրա: Տերևները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, ցավազրկող, շնչուղիներում կուտակված թանձր խուխը ջրիկացնելու, միզարձակումը և աղիների գործունեությունը կարգավորող հատկություններով: Տերևներից պատրաստված ոգեթուրմը մեղմացնում է ատամնացավը: Սերմերը` հարուստ լինելով լորձով, թաղանթապատում են աղիների բորբոքված մակերեսը և մի կողմից ներգործում են որպես հակաբորբոքիչ, իսկ մյուս կողմից` պահպանում աղիքի ախտահարված մակերեսը աղիքի պարունակության ներգործությունից: Սերմերը թունավոր չեն, սակայն մեծ դոզայով ընդունելիս կարող են լուծ առաջացնել: Սերմերի մեջ պարունակվող լորձն ունի նաև մանրէները և դրանց թույները աբսորբցող հատկություն: Կլինիկորեն հիմնավորված է եզան լեզվի դրական ազդեցությունը նևրասթենիայի, աթերոսկլերոզի, քրոնիկական խոլեցիստիտների, շնչուղիների և միզուղիների մի շարք սուր և քրոնիկական հիվանդությունների ժամանակ:
Մեզ մոտ ֆարմոկոլոգիական կոմիտեի կողմից եզան լեզվի հյութը և ջրային մզվածքից ստացված պլանտագլյուցիդ պատրաստուկը առաջարկվել են մարսողական տրակտի մի շարք հիվանդությունների բուժման համար: Փորձնական եղանակով պարզվել է, որ վերջինս ունի ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանող հատկություն` կանխելով բուտադիոնային խոցի առաջացումը: Այսպես, ըստ Յա. Ի. Խաջայի (ցիտ. ըստ Ա. Դ. Տուրովայի), բուտադիոնի կիրառման պայմաններում 46 ծովախոզուկներից 14-ի մոտ առաջ է եկել ստամոքսի խոց, մինչդեռ փորձնական 17 կենդանիներից, որոնք ստացել են և՜ բուտադիոն, և՜ պլանտագլյուցիդ, խոց առաջ է եկել միայն 5-ի մոտ: Բասովյան ֆիստուլայով շների մոտ պլանտագլյուցիդը 2,5 անգամ ավելացրել է ստամոքսահյութի քանակը, բարձրացրել ազատ և ընդհանուր աղաթթուների խտությունը 20-30%-ով, 3-4 անգամ դադարացրել բարիումի շիլայի բացահանումը (էվակուացիա) ստամոքսից, իսկ կենդանու մեկուսացված աղու գալարի վրա պատրաստուկը ցուցաբերել է սպազմալիտիկ ազդեցություն: Պատրաստուկի կլինիկական փորձարկումները խոցային հիվանդության բուժման ընթացքում տվել են միանգամայն հուսալի արդյունքներ: Այսպես, դեղորայքի կիրառման 3-4-րդ օրից մեղմացել են հիվանդների ստամոքսի ցավը, 5-7-րդ օրից` լրիվ դադարել են դիսպեպտիկ երևույթները, փորկապությունը, բքնածությունը, իսկ բուժման կուրսն (3-4 շաբաթ) ավարտելուց հետո վերացել է փորի մկանների լարվածությունը, հաստ աղու սեղմված վիճակը, նորմալացել են ստամոքսի թթվարտադրող և այլ կարևոր ֆունկցիաները: Ըստ որում` անհետացել է շատ հիվանդների նիշան: Նշենք, որ այս պատրաստուկից առավել դրական արդյունք նկատվում է նորմալ կամ ցածր թթվությամբ ընթացող խոցերի բուժման դեպքում, մինչդեռ բարձր թթվության դեպքում արդյունքը եղել է նվազ շոշափելի: Պլանտագլյուցիդը լավ արդյունք է տալիս նաև քրոնիկական նորմալ և ցածր թթվությամբ ուղեկցվող գաստրիտների բուժման ժամանակ: ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ դեղամիջոցը բարձր ակտիվությամբ է օժտված նաև խոցային հիվանդության կանխարգելման գործում, երբ այն ընդունում են աշնան և գարնան ամիսներին: Մեր կլինիկական փորձը ցույց է տվել, որ պլանտագլյուցիդը դրականորեն է ներգործում նաև քրոնիկական ախիլիկ գաստրիտների բուժման ընթացքի վրա: Դեղատներում պատրաստի վիճակում բաց է թողնվում նաև եզան լեզվի հյութը, որը նշանկվում է գլխավորապես անացիդ գաստրիտների և քրոնիկական կոլիտների ժամանակ: Եզան լեզվի ջրաթուրմը, ինչպես և դեղատան բաց թողած հյութը, մենք օգտագործել ենք ինհալացիայի ձևով` շնչական օրգանների բազմաթիվ սուր և քրոնիկական հիվանդությունների ընթացքում: Յուրաքանչյուր ինհալացիա տևել է 10 րոպե, այն կրկնվել է օրվա մեջ 3-4 անգամ: Գրեթե բոլոր դեպքերում հազը փափկել է բուժման 2-3-րդ օրից, հեշտացել է խուխարտադրությունը, նվազել բարձր ջերմությունը, լավացել հիվանդի ինքնազգացումը: Եզան լեզուն լայնորեն համակցվում է իշառվույտի, անանուխի, տուղտի, տատրակի, ձիաձետի, գնարբուկի, սագաթաթի, երիցուկի և շատ այլ դեղաբույսերի հետ:
Կիրառման եղանակները
Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 10 գ չոր հումք, 1 ժամ թրմում 200 մլ եռման ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Կարելի է մեկ թեյի գդալ չոր տերևը և կտրատված ծաղկակիր ցողունը խառնել 1 բաժակ եռման ջրին, թրմել 15 րոպե, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ 30 գ չոր տերևը 1 բաժակ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո ըմպել 1-ական ճաշի գդալ` ամեն 2 ժամը մեկ անգամ: Տաք ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ չոր, մանրացրած տերևը 10 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում և ըմպել կումերով` 1 ժամվա ընթացքում: Ջրաթուրմ պատրաստում են նաև եզան լեզվի և եղինջի տերևների հավասարաչափ խառնուրդից: 2 ճաշի գդալ հումքը 20 րոպե 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո այն ըմպում են օրվա մեջ 3 անգամ` քթային, արգանդային և թութքային արյունահոսությունների ժամանակ:
Դեղաբույսը 3:4:3 հարաբերությամբ` խառնված տատրակի և մատուտակի հետ, մտնում է № 2 կրծքային թեյի մեջ, որից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում և ըմպում կեսական բաժակ, 3 ժամը մեկ անգամ` շնչուղիների բորբոքումների ժամանակ: Տերևներից եփուկ պատրաստելու ժամանակ 10-15 գ չոր հումքը 15 րոպե եռացնում են 200 մլ ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Սերմերից եփուկ պատրաստելու համար 10 գ տրորված սերմը 100 մլ ջրում եռացնում են 10 րոպե և ընդունում օրվա ընթացքում 3 անգամ: Թարմ տերևահյութ ստանալու համար հումքը անց են կացնում մսաղացով և քամում մառլյայով, 1:10 հարաբերությամբ խառնում են գոլ ջիր հետ, ըստ համի` ավելացնում մեղր և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ տերևների հյութը խառնում են նույն քանակի մեղրի հետ, եփում 20 րոպե և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Տերևների մանրացրած փոշին կարելի է ընդունել 1-ական գրամ, օրական 4 անգամ` գոլ ջրով: Տնային պայմաններում սերմերից սպեղանի պատրաստելու համար տրորված սերմերը` 1:2 հարաբերությամբ, խառնում են աղի, խոզի ճարպի և հացի միջուկի հետ ու դնում թարախապալարների վրա:
Տերևներից 10%-անոց քսուք պատրաստելու համար լավ մանրացրած չոր հումքը խառնում են դեղձի յուղի և վազելինի հետ: Պլանտագլյուցիդը բաց է թողնվում 50 գ-անոց սրվակներով: Այն, 0,5-1 թեյի գդալ լուծում են 1/4 բաժակ գոլ ջրի մեջ, ըմպում 20-30 րոպե ուտելուց առաջ` օրական 2-3 անգամ: Մեր անձնական փորձը ցույց է տվել, որ այս դեղանյութի արդյունավետությունն ավելի է բարձրանում, երբ այն ընդունում են գոլ վիճակում, հիդրոկարբոնատային հանքային ջրերով, ինչպիսիք են «Դիլիջանը», «Բջնին», «Արզնին», «Բորջոմին» և այլն:
Եզան լեզվի հյութը դեղատներում բաց է թողնվում 250 մլ-անոց շշերով: Այն ընդունում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ, լուծված 1/4 բաժակ գոլ ջրի մեջ:
Այլ օգտակար հատկանիշները
Բույսի մատղաշ տերևները երբեմն օգտագործում են սալաթի ձևով կամ սուպի մեջ: Կանաչ վիճակում բույսը ուտում են միայն ոչխարներն ու ուղտերը, իսկ խոտի հետ` գյուղատնտնեսական բոլոր կենդանիները: Դաբաղանյութերի շնորհիվ հումքը կաշվին տալիս է ճկունություն և ամրություն: Եղած պաշարներն ավելի ռացիոնալ օգտագործելու նպատակով վերջին տարիները եզան լեզուն մշակվում է առանձին տարածքներում:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն