ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ. Հայաստանին կհաջողվի՞ անցնել դրանց կողքով
Խնդիրը հստակ լուծումներ ունի, մնում է կիրառելը։
Նախորդիվ խոսել էինք ֆրանսիացի գիտնականների այն հայտնագործությունից, որ ցնցել էր Եվրոպայի հանրությանը. այն է՝ գենետիկորեն ձեւափոխված եգիպտացորենի օգտագործումը առաջացնում է կաթնագեղձի, երիկամի, մաշկի քաղցկեղ։ Համապատկերում նշել էինք, որ մեր կառավարությունը ճիշտ է վարվել՝ ԱԺ-ից հետ կանչելով «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը՝ լրամշակման ու խիստ կանոնների գործածմամբ ԳՁՕ-ների ներմուծումը արգելելու նպատակով։ Բայց արդյո՞ք այս խստությանը հակառակ չէ այն, որ մեր երկրում հանրային սննդի ծառայությունը հանվել է պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից։
Երբ այս հարցը ուղղեցի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, նա ասաց, թե դա արվել է՝ ելնելով այն քաղաքականությունից, որը միտված է Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգումն աստիճանաբար Եվրամիության գործող հանձնարարականներին մոտարկելուն։ Իսկ սա նշանակում է, որ նաեւ հանրային սննդի ծառայությունը պետք է հանվի պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից, ինչը եւ արվեց։ Նախարարը համոզված է, որ սա էական բարելավում է լինելու արտահանողների եւ ներմուծողների համար, որովհետեւ բազում արհեստական գործառույթներ միշտ դժվարացրել են գործարարների աշխատանքը։
Հարց է ծագում. հանրային սննդի ոլոտում առանց այն էլ թերությունները շատ են։ Ինչո՞ւ այս բնագավառում մենք չենք հետեւում հենց նույն եվրոպական փորձին, եւ անընդհատ խստացումների փոխարեն անընդհատ հեշտացնում ենք ինչ-որ բաներ, որ գործարարների համար դյուրին է դառնում, բայց սպառողների գործն է դժվարանում։ Ի պատասխան՝ նախարարը համոզմունք է հայտնում, թե՝ եթե խստացումներն իրավիճակը չեն բարելավում, ապա դրանք ինքնանպատակ են. «Սերտիֆիկացման գործընթացը էական ազդեցություն չէր թողնում սննդի որակի վրա։ Դրանք ուղղակի լրացուցիչ ծախսեր էին բիզնես ոլորտի համար։ Իսկ լրացուցիչ ծախսը նաեւ արտադրանքի գնի բարձրացում էր ենթադրում»։ Նախարարը նաեւ համոզված է, որ «եթե բիզնես ոլորտը գոհ մնա, ապա գոհ կմնան նաեւ նրանք, ում մատուցվում է ծառայությունը»։
Կառավարությունն այն տեսակետին է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողությունն ուժեղացվում է։ Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրն է գործադրվում։ Ինչը, ըստ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողությունը կատարելագործել եւ արդյունավետությունը բարձրացնել, վտանգավոր սննդամթերքը հայտնաբերել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրվող սննդամթերքի որակը բարձրացնել։ Սա էլ, իր հերթին, նախարարի համոզմամբ, թույլ կտա ապահովել երկրի ազգաբնակչությանը անվտանգ եւ որակյալ սննդամթերքով։ Գյուղնախարարությունը չի ժխտում, որ «ակնհայտ են Հայաստանի սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող սննդամթերքի առկայության փաստերը։ Ուստի այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից իրականացվող վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախորդ տարիների համեմատ կատարել շուկայահանված սննդամթերքի ավելի լայն տեսակների լաբորատոր փորձաքննություններ եւ հաճախակի դարձնել վերջիններիս պարբերականությունը»։
Տեղեկացնենք, որ ծառայությանը այժմ վերապահված են վերահսկողական դաշտի ավելի մեծ շրջանակներ, այդ թվում՝ գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի փորձաքննություն։ Ծրագրով առաջարկվում է 2012թ. սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների համար պետական բյուջեից յուրաքանչյուր տարվա համար հատկացնել 10 մլն դրամ գումարի չափով՝ միջինը յուրաքանչյուր տարվա ընթացքում սննդամթերքի 571 նմուշ փորձաքննելու նպատակով։ Հիմա փորձաքննությունները ժամանակակից եւ թանկ մեթոդներով են արվում։ Օրինակ, կաթնամթերքում չոր կաթի հայտնաբերման ցուցանիշի լաբորատոր հետազոտության արժեքը 40 հազ. դրամ է, իսկ մսամթերքում գենետիկորեն ձեւափոխված մթերքի պարունակության ցուցանիշի արժեքը 28 հազ. դրամ է։ Բացի այդ, լաբորատորիաներում ներդրված հետազոտությունների արագացված մեթոդները նույնպես թանկարժեք են։ Դա է պատճառը, որ պետությունը նախատեսում է միայն ռիսկային գործոններ պարունակող սննդամթերքի նմուշների նմուշառում եւ որակյալ հետազոտությունների իրականացում։ Ուշադրություն հրավիրենք մսամթերքի վրա. վերը ասվածը ենթադրում է, որ սպառողը արտաքինից չի կարող տարբերել մսի (եւ ոչ միայն մսի) մեջ ԳՁՕ կա՞, թե՞ ոչ։ Սպառողը չի կարող մսից նմուշ վերցնել, տանել-ստուգել, հետո նոր միայն գնել նմուշառված մսի մնացած մասը։ Իսկ գործարարը հաստատ չի ասի՝ ստուգեք, տեսեք իմ արտադրանքում կամ ներկրած մթերքում ԳՁՕ կա՞, թե՞ ոչ։
Համապատկերում նկատենք, որ 1970-ականներից, երբ ԳՁՕ-ների ստացման տեխնոլոգիան ի հայտ եկավ, այդ ժամանակահատվածից ցայսօր գիտնականները բանավիճում են այդ օրգանիզմների դրական ու բացասական կողմերի մասին։ Նրանք, ովքեր կողմ են, ասում են, որ գենետիկորեն ձեւափոխված տեսակները ավանդականների համեմատ ավելի մանրակրկիտ են ուսումնասիրվում շուկա մտնելուց առաջ, եւ ըստ այդմ, ռիսկերն ավելի քիչ են։ Ու բացի այդ, գյուղատնտեսությունում կիրառվում են բազմաթիվ քիմիական պարարտանյութեր ու պրեպարատներ, որոնք ահռելի վնաս են հասցնում մարդկանց, այնինչ բնական վատ պայմանների հանդեպ դիմացկուն ձեւափոխված տեսակները այլընտրանքային միջոց են գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու համար։ ԳՁՕ-ներին կողմ հանդես եկողները ընդգծում են նաեւ, որ աշխարհի բնակչությանը սովից կարող են փրկել միայն ԳՁՕ-ները, քանի որ գենային ձեւափոխմամբ կարելի է բարձրացնել բերքատվությունն ու սննդի որակը։ ԳՁՕ-ներին դեմ կանգնողներն էլ շեշտում են, որ արդի ագրոտեխնիկայի ու գյուղատնտեսական մեխանիզացիայի պայմաններում բնական ճանապարհով ստացված կենդանիների ու բույսերի տեսակները լիովին կարող են բավարարել մարդկանց կարիքները, իսկ հնարավոր համաշխարհային սովը, ըստ նրանց, ընդամենը քաղաքական պատրվակ է։ Նրանք նաեւ ասում են, որ ԳՁՕ-ների բացասական հետեւանքներն իրենց վրա սերունդներն են զգալու։ ԳՁՕ-ներին վաղուց դեմ է դուրս եկել «Գրինփիս»-ը, որ նույնիսկ հրապարակեց իրենց արտադրության մեջ ԳՁՕ կիրառող ընկերությունների ցանկը։ Ժամանակին մեծ աղմուկ եղավ «Similac»-ի մանկական սննդի հետ կապված։ Այս ընկերության սնունդը ամբողջ աշխարհում այժմ էլ խորհուրդ է տրվում բոլոր այն մանկիկներին, ում չի բավականացնում մանկական կաթը։ Ինչեւէ, «Գրինփիս»-ի ցանկին այլ առիթով կանդրադառնանք։ Ասենք միայն, որ տարբեր երկրներ ԳՁՕ-ների հանդեպ տարբեր վերաբերմունք ունեն։ ԱՄՆ-ում, օրինակ, ԳՁՕ-ների արտադրության եւ օգտագործման արգելք չկա։ Միայն 2000 թ. տվյալների համաձայն, այստեղ հացահատիկի 50-60 տոկոսը գենախեղված է։ Եվրոպական շատ երկրներ կտրականապես արգելում են ԳՁՕ-ների օգտագործումը մանկական սննդում։ ԱՄՆ-ում նույնիսկ այսօր էլ պարտադիր չէ սննդամթերքի՝ գենաձեւափոխված լինելու մասին մակնշումն անգամ։ Ավստրիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի մի շարք նահանգներում արգելվում է ԳՁՕ-ների կիրառումը։ Հայաստանում գենամոդիֆիկացված սնունդը թույլատրվում է, բայց սննդամթերքի անվտանգության մասին օրենքի համաձայն, դրա վրա պետք է լինի «գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք» մակնշումը։ Սակայն այժմ շրջանառվում է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը, որ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը ԱԺ-ից հետ է կանչել լրամշակելու նպատակով։ Իսկ գործադիր իշխանության ղեկավարը խոստացել էր, որ լրամշակումը ենթադրելու է ԳՁՕ-ների՝ մեր երկիր ներկրման արգելումը։
Միայն այս ձեւով օրենքի ընդունման դեպքում մենք կկարողանանք շրջանցել այն հետեւանքները, որ պատճառում է ԳՁՕ-ների գործածումը։ Մի բան միանշանակ է, գիտնական պետք չէ լինել հասկանալու համար, որ բնության մեջ գենետիկորեն ձեւախեղված ամեն ինչ էլ վնաս է, առավել եւս՝ եթե այդ ձեւախեղվածը ամենօրյա ուտելիք է։ Օրինակ, խոսենք կարտոֆիլից։ Եթե կարտոֆիլը շատ հագեցած է սելիտրայով, ապա անբնական մեծ է լինում, այսինքն՝ արտաքինից տեսանելի է այդ շեղումը։ Իսկ ԳՁՕ-ացված կարտոֆիլի դեպքում շեղումը տեսանելի չէ, ուրեմն եւ՝ վտանգը թաքուն է։ Եվ ոչ միայն կարտոֆիլը։ Խոսքը վերաբերում է նաեւ մրգին, բանջարեղենին, մի խոսքով, այն ամենին, որ փաթեթավորված չէ եւ մակնշում ունենալ չի կարող։
Իբրեւ վերջաբան նշեմ, որ ինչպես հավաստում են մեր գյուղատնտեսները, առողջ սերունդ ունենալու գրավականը օրգանական գյուղատնտեսությանն անցնելն է։ «ՀՀ»-ն մի անգամ դրա մասին խոսել է՝ անվանելով այն «վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն»։ Օրգանական գյուղատնտեսությանն անցումը ենթադրում է նաեւ, որ այլեւս պետք է կիրառվեն օրգանական պարարտանյութեր՝ գոմաղբ, կենսահումուս, տորֆ, բուսական մոխիր, որոնք պարունակում են բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, նպաստում են բերրիության բարձրացմանը եւ հողի վիճակի բարելավմանը (այսինքն՝ հողից ոչ միայն վերցնում են, այլեւ տալիս են այդ հողին)։ Բացի այս, օրգանական գյուղատնտեսությանն անցումը ենթադրում է, որ հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտվածության դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե թունանյութերի, բուժանյութերի եւ հերբիցիդների միջոցով, այլ կենսաբանական պայքարի մեթոդների, բուսական թուրմերի միջոցով, ինչու ոչ՝ հողի մշակությունը ճիշտ եւ ժամանակին կազմակերպելով։ Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսությունը կարգելափակի ԳՁՕ-ներով հարուստ սննդամթերք գործածելը։ Այո, ըստ մասնագետների, մենք միանգամից օրգանական գյուղատնտեսության անցնել չենք կարող, բայց կարող ենք դարձյալ մաքուր գյուղատնտեսական մթերք ստանալ՝ թունանյութերը ճիշտ ու սահմանված քանակով գործածելով, բայց ոչ թե գենը փոխելով։
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն