ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
ԱՄԲ բաժանմունք. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. morevmankan.am
Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքը հագեցած է նորագույն բարձրակարգ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել անպտղության բուժման բոլոր ժամանակակից մեթոդները (տեխնոլոգիաները): Բաժանմունքի բժիշկներն ունեն տարիների մասնագիտական փորձ անպտղության բուժման բնագավառում, համագործակցում են Իսրաելի, Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ: Բոլոր բժիշկները հանդիսանում են Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:
Գիտա-գործնական աշխատանքի հիմնական ուղղությունները.
- Արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում (ԱՄԲ+ՍՏ)
- Արտամարմնային բեղմնավորում ԻՔՍԻ (ICSI) (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ) մեթոդով
- Արտամարմնային բեղմնավորում ТЕSЕ (սերմնաբջիջների ստացում ամորձուց նուրբ ասեղի միջոցով) կամ МЕSЕ (միկրովիրաբուժական արտածծում ամորձու հավելուկից) + РЕSА (սերմնաբջջի անդրմաշկային ստացում ամորձու հավելուկից (մակամորձիներից)՝ տղամարդու անպտղության ամենածանր ձևերի դեպքում:
Ինչպես նաև.
- Օժանդակ խետչինգ (սաղմի թաղանթի մշակում, մեխանիկական պատռում)
- Սաղմի կրիոկոնսերվացիա և պահպանում
- Ձվաբջջի դոնորություն
- Փոխնակ մայրություն
- Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշում
- Արհեստական սերմնավորում ամուսնու սերմով
- Արհեստական սերմնավորում դոնորի սերմով
- Դոնորական սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում) (դոնորական սերմի բանկ):
ԱՄԲ-ի ցուցումները:
- Անպտղության փող-պերիտոնեալ (որովայնա-փողային) գործոն
- Ներզատական (էնդոկրին) խանգարումներ
- Էնդոմետրիոզ
- Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
- Անհայտ ծագման անպտղություն
- Տղամարդկային գործոն (սերմնաբջիջների քանակի և շարժունակության նվազում, ընդհուպ մինչ սերմնաբջիջների լրիվ բացակայություն սերմնահեղուկում)
- Անպտղության իմունաբանական գործոններ
- Տևական անպտղության անարդյունավետ բուժում:
ԱՄԲ մեթոդը բաղկացած է հետևյալ փուլերից:
- Սուպերօվուլյացիայի (գերձվազատման) խթանում տարբեր դեղամիջոցներով, որոնց ազդեցության տակ կնոջ ձվարաններում հասունանում են ոչ թե մեկ-երկու ձվաբջիջ, ինչպես բնական դաշտանային ցիկլում, այլ միանգամից 5-10-15:
- ԳՁՀ-ի հսկողության տակ տրանսվագինալ (հեշտոցային) ճանապարհով կատարվում է ֆոլիկուլների պունկցիա և ձվաբջիջների արտաքաշում: Պունկցիան տևում է 5-10 րոպե, կատարվում է ներերակային անզգայացման պայմաններում և հանդիսանում է բացարձակապես անցավ միջամտություն:
- Ձվաբջջի բեղմնավորումը սերմով իրականացվում է վերցնելուց հետո առաջին օրերին, հատուկ պայմաններում (ջերմաստիճան, գազային կազմ, վարակազերծ պայմաններ) հատուկ թերմոստատում: Սերմնաբջիջների ցածր խտության դեպքում իրականացվում է ձվաբջջի ցիտոպլազմայի (բջջապլազմայի) մեջ ընտրված լավ որակի սերմնաբջիջների ներարկում հատուկ մանիպուլյատորի օգնությամբ (ICSI):
- 3-րդ օրն ընտրվում են լավագույն սաղմերը (3-ից ոչ ավել) և տեղափոխվում կնոջ արգանդի խոռոչ՝ գերձայնային հետազոտության սարքի (ԳՁՀ) հսկողության տակ, հատուկ, շատ բարակ և ճկուն կաթետերի օգնությամբ: Այս բուժմիջամտությունը անվտանգ է և անցավ:
- 14-16 օրերի ընթացքում խորհուրդ է տրվում աջակցող պահպանողական բուժում, որից հետո անցկացվում է հղիության թեստ մեզի օգնությամբ և/կամ որոշվում է β-ԽԳ-ի (խորիոնային գոնադոտրոպին հորմոնի) մակարդակն արյան մեջ:
- Հետագա վարման գործելակարգը պետք է քննարկվի բուժող բժշկի հետ ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքի դեպքում:
ԱՄԲ-ի մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդայցելուների համալիր հետազոտություն:
Այն իր մեջ ներառում է.
- Արյան մեջ հորմոնների որոշում.
Դաշտանային ցիկլի 2-3 օրը՝
- ԼՀ (լյուտեինացնող հորմոն), ՖԽՀ (ֆոլիկուլախթանիչ հորմոն), էստրադիոլ, պրոլակտին, ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն),
T4 ազատ, ԴՀԱ-S (դեհիդրոանդրոստերոն սուլֆատ), տեստոստերոն. - Խրոնիկ վարակների որոշում.
- խլամիդիոզի, միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, ցիտոմեգալովիրիայի, հերպեսի, տոքսոպլազմոզի - Հեշտոցի մաքրության աստիճանի որոշում
- Արգանդի պարանոցի և հեշտոցի արտադրության մանրէաբանական ցանքս
- Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում հատուկ սարքով), արգանդի վզիկից վերցրած քսուկ՝ օնկոցիտոլոգիայի համար
- Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը, ֆոլիկուլոգենեզի (ֆոլիկուլների զարգացման ընթացքի) դինամիկա
- Վահանագեղձի ԳՁՀ՝ ըստ ցուցումների
- Կրծքագեղձերի ԳԶՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ ցուցումների
- Արյան մեջ ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և C-ի որոշում:
- Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում
- Արյան կլինիկական քննություն
- Արյան կենսաքիմիական քննություն.
- շաքար, խոլեստերին, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, ընդհանուր բիլիռուբին - Կոագուլոգրամա (արյան մակարդելիության ցուցանիշների որոշում)
- Մեզի ընդհանուր քննություն
- ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
- Ֆլյուրագրաֆիա
- Թերապևտի խորհրդատվություն
- Բժիշկ-գենետիկի (ժառանգաբանի) խորհրդառտվություն (ըստ ցուցումների)
- Ամուսնու սերմի հետազոտություն (սպերմոգրամա՝ սերմնագիր):
ԱՄԲ-ն պետք չէ դիտարկել որպես միանվագ բուժընթաց, այն էլ 100% արդյունավետությամբ: Ցավոք, նույնիսկ աշխարհի լավագույն կլինիկաներում այս մեթոդի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը մեկ փորձի դեպքում: ԱՄԲ-ի արդյունքը կախված է մի շարք գործոններից. հիվանդայցելուի տարիքից, արգանդի վիճակից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, անպտղության պատճառից: Ուստի, ստույգ գնահատել հղիության կայացման հնարավորությունը դժվար է: Բացի դրանից, ԱՄԲ-ի հաջողությունը կախված է բժշկի հմտությունից, կլինիկայի սարքավորումներից, բուժման համար օգտագործվող դեղորայքի ընտրությունից:
ԱՄԲ արդյունավետությունը ՄՄԱՊԳՀԿ-ում կազմում է 35-40%.
Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բաժանմունքում հատուկ տեղ է տրվում սաղմնաբանության լաբորատորիային: Լաբորատորիայի հագեցվածությունը, սաղմնաբանի փորձը և պատրաստվածության մակարդակը մեծ մասամբ պայմանավորում են այս բաժանմունքի աշխատանքի արդյունքը: Մեր սաղմնաբանը՝ կ.գ.թ. Կ.Հ.Ջինանյանը աշխատում է բաժանմունքում դրա ստեղծման առաջին իսկ փուլից սկսած և ունի աշխատանքի մեծ փորձ: Նա բազմակի վերապատրաստվել է Ֆրանսիայում:
ԻՔՍԻ (ICSI) մեթոդի անցկացման ցուցումներն են հետևյալ վիճակները.
- Ազոոսպերմիա՝ սերմի լրիվ բացակայություն ամորձիների ծանր հիվանդությունների, ինչպես նաև սերմնատար ուղիների խցանման (բլոկադայի) կամ բացակայության հետևանքով,
- Օլիգոզոոսպերմիա՝սերմնաբջիջների կոնցենտրացիայի (խտության) նվազում ավելի քան 2 մլն/մլ,
- Ասթենոզոոսպերմիա՝ մեկ մլ սերմնահեղուկում ավելի պակաս, քան 1մլն ակտիվ, շարժուն սերմնաբջիջների առկայություն,
- Տերատոզոոսպերմիա՝ նորմալ կառուցվածքի սերմնաբջիջները 5%-ից քիչ են
- Սերմնատար ծորանի երակների վարիկոզ լայնացում
- Սերմի համակցված ախտաբանություն (հնարավոր են սերմնաբջիջների կառուցվածքի, շարժունակության և խտության փոփոխությունների տարբեր համակցություններ), ինչը զգալիորեն իջեցնում է սերմի բեղմնունակությունը
- Սերմնահեղուկում հակասերմնային հակամարմինների առկայություն (երբ MAR-թեստը 50%-ից ավելի է)
- ԱՄԲ-ի նախորդ փորձի ժամանակ ձվաբջջի բեղմավորման բացակայություն կամ անբավարարություն: Մեր լաբորատորիայիում ԻՔՍԻ միջամտության որակյալ կատարմանը մեծապես նպաստում է ժամանակակից սարքավորումներով նրա հագեցվածությունը: Միջամտությունն իրականացվում է "Leica" (Գերմանիա) ֆիրմայի մանրադիտակով՝ "Narishige" (Ճապոնիա) ֆիրմայի միկրոմանիպուլյատորի օգնությամբ: Տեսա (վիդեո) սարքավորումների առկայության շնորհիվ մենք հնարավորություն ունենք կատարել բոլոր միջամտությունների տեսա- և համակարգչային տեսագրում:
Օժանդակ խետչինգ (սաղմի թաղանթի մշակում).
Սա նոր մեթոդ է, որի օգնությամբ կարելի է հեշտացնել արգանդում սաղմի ներպատվաստումը (իմպլանտացիան): Այս մեթոդի էությունը սաղմի փայլուն թաղանթը թուլացնելն է (հատվում է թաղանթը), որը նպաստում է արգանդի պատին նրա ավելի ամուր կպչելուն։
Օժանդակ խետչինգի անցկացման ցուցումները.
- Կնոջ 38-ից բարձր տարիքը,
- Նախորդ ինպլանտացիաների անհաջող փորձերը,
- Մորֆոլոգիական (ձևաբանական) վատ ցուցանիշներով սաղմերի առկայությունը,
- Արյան մեջ ֆոլիկուլախթանիչ հորմոնի (ՖԼԽ) բարձր մակարդակը,
- Սառեցված սաղմերի տեղադրումը:
Օժանդակ խետչինգը կարող է իրականացվել 3 եղանակով՝քիմիական, մեխանիկական, լազերային:
Մեր լաբորատորիայում օժանդակ խետչինգը իրականացվում է մեխանիկական, եղանակով՝միկրոգործիքների օգնությամբ:
Սաղմերի կրիոկոնսերվացիա /սառնապահպանում/. Այն դեպքում, երբ ԱՄԲ ծրագրի իրականացումից հետո մնում են ամուսնական զույգից վերցված լավորակ լրացուցիչ սաղմեր, զույգին առաջարկվում է դրանք սառեցնել և պահել: Սառեցված սաղմերի պահպանումը իրականացվում է հեղուկ ազոտի մեջ պահվող հատուկ նշագրված պլաստմասե անոթներում: Սաղմերի պահպանման ժամկետն անսահմանափակ է: Կատարվում է միայն լավ որակի սաղմերի կրիոկոնսերվացիա և միայն զարգացման կոնկրետ փուլում: Վատորակ սաղմերը ենթակա չեն սառեցման, քանի որ հալչելիս դրանք դեգրադացվում են (քայքայվում են): Մենք կատարում ենք սաղմերի կրիոկոնսերվացիա միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հիվանդայցելուին և նա տվել է համաձայնություն իր սաղմերի պահպանման համար:
ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են "ձվաբջջի դոնորություն" և "փոխնակ մայրություն" ծրագրերը: Դոնորական ձվաբջիջների օգտագործումը խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց սեփական ձվաբջիջները ցածրորակ են կամ չի հաջողվում դրանք ստանալ ձվարանները խթանելիս:
"Ձվաբջջի դոնորության" ծրագրի փուլերը.
- Կինը՝ ձվաբջջի դոնորը, ընտրված անպտուղ զույգի կողմից, ենթարկվում է մանրազննին և բազմակողման հետազոտության՝ վարակային և ժառանգական հիվանդությունների հայտնաբերման նպատակով:
- Ստորագրվում է համաձայնագիր մասնակից բոլոր կողմերի միջև:
- Անպտուղ (չբեր) կինը՝ ռեցիպիենտը ընդունում է դեղամիջոցներ, որոնք նախապատրաստում են արգանդի լորձաթաղանթը սաղմի ընդունմանը:
- Հասուն դոնորական ձվաբջիջը դուրս է բերվում դոնոր կնոջ ձվարանից և լաբորատոր պայմաններում արհեստականորեն բեղմնավորվում անպտուղ կնոջ ամուսնու սերմնաբջիջներով:
- 3 օրվա ընթացքում սաղմերը զարգանում են փորձանոթում, որից հետո դրանք տեղադրվում են անպտուղ կնոջ արգանդի խոռոչ:
Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվաբջջի դոնորներին.
- Տարիքը 20-ից մինչև 35
- Սեփական առողջ երեխայի առկայություն
- Ֆենոտիպային ցայտուն առանձնահատկությունների բացակայություն
- Սուպերօվուլյացիաի (գերձվազատում) խթանելու և ֆոլիկուլների պունկցիայի հակացուցումների բացակայություն:
"Փոխնակ մայրություն" - անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ):
Այս դեպքում անպտղուղ կնոջ ձվաբջիջը՝ իր իսկ ամուսնու սերմով բեղմնավորված, տեղադրվում է մեկ այլ կնոջ արգանդի խոռոչ, որն ընդունակ է կրել և ծննդաբերել երեխային: Երեխայի կենսաբանական ծնողներն այն զույգն է, որը սաղմի ստեղծման համար տրամադրել է ձվաբջիջը և սերմը, իսկ կինը, որը կրում է երեխային, ստացել է "փոխնակ մայր" անվանումը ("օգնող", "փոխարինող" մայր):
Ի սկզբանե, որպես փոխնակ մայրեր ընտրվել են անպտուղ զույգի հարազատները, բայց վերջին ժամանակները փոխնակ մայրությունը դառնում է մասնագիտություն. կենսաբանական ծնողները վճարում են գումար առողջ կնոջը, որը համաձայն է օտար երեխայի իմպլանտացիային (ներպատվաստմանը) և կրելուն:
Փոխնակ մայրությունը ԱՄԲ-ի շրջանակներում ամենաբարդ և, բնականաբար, թանկ արժողությամբ ծրագիրն է: Բժշկագիտության մեջ ֆանտաստիկ առաջընթացի արդյունքում հնարավոր դարձած երրորդ անձի ներգրավումը երեխայի ծնվելու հարցում, հնարավորություն ընձեռեց այն կանանց, որոնց մոտ անպտղությունը նախկինում անհաղթահարելի էր, զգալ մայրության բերկրանքը:
Փոխնակ մայրության դեպքում կողմերի միջև ձևակերպվում է իրավական փաստաթուղթ (պայմանագիր):
Պահանջները, որոնք ներկայացվում են փոխնակ մայրերին.
- Տարիքը՝ 20-ից մինչև 35
- Սեփական առողջ երեխայի առկայություն
- Երեխա կրելու հակացուցումների բացակայություն:
Նախաիմպլանտացիոն (նախաներպատվաստումային) գենետիկական (ժառանգաբանական) ախտորոշումը (ՆԺԱ) կիրառվում է սաղմի մոտ քրոմոսոմային թերությունների հայտնաբերման և սեռի հետ շղթայակցված ժառանգական հիվանդությունների որոշման համար: Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշումը կատարվում է բազմակի ինքնաբեր վիժումների և իմպլանտացիոն խանգարումների դեպքում՝ 37-ից բարձր տարիքի կանանց մոտ: Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման էությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է ընձեռվում մինչ արգանդի խոռոչ տեղադրելը որոշել սաղմի գենետիկ (ժառանգական) կարգավիճակը, ընտրել առավել կենսունակ սաղմեր, և այդպիսով ոչ միայն կանխել ծանր քրոմոսոմային ախտաբանությունները, այլև ընդհանրապես բացառել իմպլանտացիայի և հղիության կայացման հնարավորությունը:
Արհեստական սերմնավորում ամուսնու (ԱՍԱՍ) կամ դոնորական սերմով (ԱՍԴՍ).
ԱՍԱՍ-ի բուժմիջամտության էությունը կայանում է նրանում, որ սաղմնաբանական լաբորատորիայում ամուսնու նախապես մշակված սերմը ներարկվում է կնոջը ներարգանդային ճանապարհով: Սերմնավորումը կարելի է անցկացնել ինչպես բնական ցիկլի ժամանակ, այնպես էլ խթանված օվուլյացիայի (ձվազատման) ֆոնի վրա: Ամեն դեպքում ԱՍԱՍ-ի կատարման համար պետք է ստուգվի արգանդափողերի անցանելիությունը, քանի որ սերմնավորման ժամանակ, ինչպես բնական ճանապարհով հղիանալու դեպքում, բեղմնավորումը կատարվում է արգանդափողում:
ԱՍԱՍ-ի ցուցումները.
- էրեկտիլ (էրեկցիայի հետ կապված) դիսֆունկցիա
- տղամարդու սեռական օրգանների զարգացման արատներ, որոնց ժամանակ հնարավոր չէ սեռական կյանքը
- կամ սերմնաժայթքումը (էյակուլյացիան) լինում է ոչ հեշտոցի մեջ (օրինակ, հիպոսպադիա, հետընթաց
- սերմնաժայթքում (ռետրոգրադ էյակուլյացիա)
- վագինիզմ
- անպտղության պարանոցային գործոնի դեպքում, երբ սերմնաբջիջները չեն կարող անցնել արգանդի պարանոցային
- խողովակի լորձի միջով
- ամուսնու կրիոկոնսերվացված սերմով սերմնավորում, օրինակ, ամուսնու մոտ քիմիաթերապիա պահանջող ուռուցքային հիվանդության հայտնաբերման դեպքում
Սերմի դոնորություն. Դա ծրագիր է, որը թույլ է տալիս երեխա ունենալ այն ընտանիքներին, որտեղ առկա է բացարձակ տղամարդկային անպտղություն կամ այն միայնակ կանանց, ովքեր չունեն սեռական զուգընկեր:
Սերմի դոնորներ կարող են լինել ֆերտիլ (բեղմնունակ) սերմ ունեցող 20-40 տարեկան առողջ տղամարդիկ:
Սերմի դոնորների հետազոտության պարտադիր ծավալը իր մեջ ներառում է.
- ուռոլոգի (միզաբանի)զննում և եզրակացություն
- վարակների հայտնաբերման հետազոտություններ. գոնորեա, խլամիդիոզ, գենիտալ (սեռական) հերպես,
- ուրեոպլազմոզ, միկոպլազմոզ, ցիտոմեգալովիրիա
- արյան հետազոտություն ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ В և С-ի նկատմամբ
- արյան խմբի և Rհ-(ռեզուս) գործոնի որոշում
- հոգեբույժի զննում և եզրակացություն
- թերապևտի զննում և եզրակցություն:
Սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում). մեր կլինիկայի պայմաններում հնարավոր է ամուսնու և/կամ դոնորի սերմի կրիոկոնսերվացիա՝ (սառեցում) դրանց հետագա օգտագործմամբ անպտղության բուժման ծրագրերում, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործմամբ: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտում՝ հատուկ սարքավորումների օգնությամբ: Սառեցված վիճակում սերմը կարող է պահպանվել մի քանի տարի: Սերմի պահպանման լավագույն ժամկետը համարվում է 3 տարի, քանի որ այդ ժամկետն անցնելուց հետո սերմնաբջիջների բեղմնունակությունը նվազում է:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հասցեն. Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան 0002, Մաշտոցի պող. 22
Հեռ.ախոս. +(374 10) 53-13-42, 53-01-72
Ֆաքս. +(374 10) 53-01-92
Էլ. հասցե. [email protected]
Կարդացեք նաև
Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում...
Տարածված այն կարծիքը, եթե կինը չի հղիանում, ուրեմն հենց ինքն է դրանում մեղավոր, շատ սխալ է: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Հանրության շրջանում տղամարդու անպտղությանը վերաբերող բազմաթիվ փաստեր եւ առասպելներ են շրջանառվում, որոնք տարանջատման կարիք ունեն: Ստորեւ ճշմարտությունը երեւակայության արգասիքից...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
Ավելի քան երեք տասնամյակ առաջ գիտնականներին հաջողվեց սպերմատոզոիդը ձվաբջջին միաձուլելով` արտաարգանդային բեղմնավորման հիմքերը դնել: Այն ժամանակ ֆանտաստիկ թվացող...
Թե՛ տղամարդու, եւ թե՛ կնոջ անպտղության շուրջ բազմաթիվ մոլորություններ ու առասպելներ կան: Հայտնի է, որ անպտղությունը տղամարդու մոտ սերմնահեղուկի թերարտադրությամբ...
Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ...
Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն...
Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն