Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29)

Լնդային հեղուկի ֆիբրոնեկտինի պարունակությունը որպես գերաճական երևույթների զարգացման գործոն

Բանալի բառեր. էպիլեպսիա, լնդային հեղուկ, ֆիբրոնեկտին
Լնդային հյուսվածքում գերաճական պրոցեսի առաջացման մեջ ընդգրկված մի շարք մեխանիզմներ իրացվում են ցիտոկինների հատուկ խմբի` շարակցական և էպիթելային հյուսվածքների բջիջների աճի գործոնների միջնորդությամբ։ Սակայն դրանց իրականացման հետագա մեխանիզմները, այսինքն ֆիբրոբլաստների տեղային խթանման պրոցեսներն իրականացնող կոնկրետ գործոնները, գրեթե ուսումնասիրված չեն:

Հետազոտված չէ ֆիբրոնեկտինի դերը ֆիբրոբլաստների պրոլիֆերացիայի, շարակցական հյուսվածքի արտաբջջային կառուցվածքների ձևավորման մեխանիզմում։ Ինչպես հայտնի է, ֆիբրոնեկտիններն իրենցից ներկայացնում են սառը պայմաններում չլուծվող գլիկոպրոտեինների հատուկ խումբ, որոնք տեղակայված են շարակցական հյուսվածքի և հիմնային թաղանթի բջիջների մակերեսներին և լայնորեն տարածված են մեզենխիմալ հյուսվածքների արտաբջջային հյուսվածքում [1]։ Ֆիբրոնեկտինի սինթեզի աղբյուր են հանդիսանում էնդոթելիոցիտները, ֆիբրոբլաստերը, մակրոֆագերը, նեյտրոֆիլները, թրոմբոցիտները, հարթ մկանային բջիջները, աստրոցիտները և այլն։ Վաղուց պարզված է, որ ֆիբրոբլաստների կողմից սինթեզվող հյուսվածքային ֆիբրոնեկտինը անմիջական մասնակցություն ունի կոլագենային թելերի ձևավորման մեջ։ Տվյալ կոնկրետ դեպքում ֆիբրոնեկտինը ձևավորում է արտաբջջային մատրիքսը, և ուստի ընդգրկվում է շարակցական հյուսվածքի ձևավորման ու տարբերակման պրոցեսների մեջ` ինչպես բնականոն պայմաններում, այնպես էլ ախտաբանության ժամանակ։ Ֆիբրոբլաստների աճի ու միգրացիայի վրա ազդեցություն են թողնում նաև մակրոֆագերը, որոնք սինթեզում և ուտիլիզացնում են ֆիբրոնեկտինը, որը ակտիվացնում է ֆիբրոբլաստերի միտոտիկ պրոցեսներն ուժեղացնող մակրոֆագային աճի գործոնների արտադրությունը [1]։

Այս առումով որոշակի հետաքրքրություն են ներկայացնում առանձին գրական աղբյուրներ, որոնցում էպիլեպսիայի ժամանակ ու լնդային գերաճի զարգացման պայմաններում մատնանշվում են մի շարք գործոններ, թերևս անուղղակի ձևով, բայց որոնք վկայում են ֆիբրոբլաստիկ շարքի բջիջների տեղային ակտիվացման ու պրոլիֆերացիայի պրոցեսներում ֆիբրոնեկտինի մասնակցության մասին։

Այսպես, ուլտրակառուցվածքային ու հիստոքիմիական հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ հակացնցումային դեղամիջոցների կիրառման պայմաններում լնդային գերաճական հիմնական զանգվածի ավելացումը տեղի է ունենում ֆիբրոբլաստերի կողմից արտադրվող գլիկոզամինոգլիկանների հաշվին, որոնք այնուհետև մասնակցում են I և II տիպերի կոլագենների տարբերակման պրոցեսներում [2,3]։ Այս տեսանկյունից հատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն հետազոտությունները, որոնց արդյունքում պարզված է, որ դեղորայքային պայմանավորվածության լնդային գերաճի ժամանակ ստրոմայում գերակշռում են այն տեղամասերը, որոնք ներկայացված են կոլագենային թելերի ձևավորման նախնական փուլերով (I և II տիպերի կոլագեններով) և ֆիբրոնեկտինով։

Առկա գիտական տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ ֆիբրոնեկտինին անհրաժեշտ է կարևոր դեր հատկացնել լնդային հյուսվածքի գերաճական պրոցեսներում, հատկապես հակացնցումային բուժման իրականացման պայմաններում։

Մեր կողմից իրականացված հետազոտությունները նվիրված են հատկապես այս հարցի պարզաբանմանը, այն է էպիլեպսիայով տառապող հիվանդների 3 խմբերի մոտ լնդային հեղուկի ֆիբրոնեկտինի մակարդակի ուսումնասիրությանը` I հիմնական խումբ (Ա) – 17 երեխա, որոնց մոտ կիրառվել է կարբամազեպին+դեպակին դեղամիջոցների զուգակցման տարբերակը, II հիմնական խումբ (Բ) – 10 երեխա` ֆենոբարբիտալ+դեպակին, III հիմնական խումբ (Գ) – 8 երեխա` ֆենոբարբիտալ+կարբամազեպին տարբերակի կիրառումը։ Որպես հսկիչ խումբ ընտրվել են էպիլեպսիայով տառապող 20 երեխաներ, որոնց մոտ բացակայել են լնդային գերաճի կլինիկական նշանները և որոնց բուժումն ուղեկցվել է հակացնցումային դեղամիջոցների նշված զուգակցումներով։ Ֆիբրոնեկտինի քանակի որոշումը կատարվել է Stat Fax-plus ավտոմատ սպեկտրոֆոտոմետրի օգնությամբ` 420-450 նմ երկարության ալիքի սպեկտրի կլանման պայմաններում։

Կատարված իմունաֆերմենտային ուսումնասիրության արդյունքները ներկայացված են աղյուսակում։

Ինչպես ցույց տվեցին կատարված ուսումնասիրության արդյունքները, հետազոտման բոլոր 3 խմբերում ֆիբրոնեկտինի մակարդակները գերազանցել են հսկիչ ցուցանիշը` համապատասխանաբար 16,1, 16,9 և 5,3 անգամ։ Ինչպես նկատելի է, հետազոտման III խմբում ֆիբրոնեկտինի քանակը զգալիորեն ավելի քիչ է, քան առաջին երկու խմբերում` համապատասխանաբար 3 և 3,1 անգամ (նկար)։ Չնայած այն հանգամանքին, որ այնուամենայնիվ այս խմբում ևս (Գ) ֆիբրոնեկտինի քանակը լնդային հեղուկում գերազանցել է հսկիչի մեծությունների մակարդակը, կարելի է պնդել, որ հակացնցումային բուժման տվյալ կոնկրետ զուգակցման տարբերակը առավել նվազ ձևով պետք է նպաստի լնդային հյուսվածքում գերաճական երևույթների զարգացմանը։

 

 Աղյուսակ. Հետազոտման խմբերի լնդային հեղուկում ֆիբրոնեկտինի քանակները (pg/ml)


 Նկար. Ֆիբրոնեկտինի քանակները լնդային հեղուկում հսկիչ և հետազոտման խմբերում

 

Այսպիսով, իրականացված հետազոտությունների հիման վրա կարելի է պնդել, որ լնդային հյուսվածքում հակացնցումային դեղամիջոցներով հրահրված գերաճական պրոցեսների մեջ կարևոր դեր է կատարում ֆիբրոնեկտինը։ Լնդային հեղուկում ֆիբրոնեկտինի մակարդակը պետք է դիտարկել որպես կարևոր ախտորոշիչ և պրոգնոստիկ չափանիշ` գերաճական պրոցեսի ինդուկցիայի առումով, քանի որ բացահայտված է ուղիղ դրական կորելացիոն կապ լնդային հեղուկում ֆիբրոնեկտինի քանակի և տեղային գերաճական պրոցեսի զարգացման աստիճանի միջև։

 

Ստացված արդյունքները, հավանաբար, կարելի է տարածել նաև այլ պատճառագիտությամբ պայմանավորված լնդային գերաճական երևույթների վրա, որոնք պայմանավորված չեն ուղեկցող համակարգային հիվանդություններով։


Գրականություն

  1. Кузник Б.И., Васильев И.Ф., Цыбиков Н.Н. Иммуногенез, гомеостаз и неспецифическая резистентность организма. М., 1989, 320 с.

  2. Khocht A., Schneider L. Periodontal management of gingival overgrowth in the heart transplant patient։ a case report, J. Periodontol., 1997, Vol. 68, 11, p. 1140-1146.

  3. Modeer T., Dahllof G., Otteskog P. Potentietion of fibroblast spreading by extracellular matrix from fibroblasts derived from phenytoin-induced gingival overgrowth, Acta Odontol., Scand., 1988, Vol. 46, 2, p. 101-104.

Հեղինակ. Մ.Ա. Պողոսյան ԵրՊԲՀ ստոմատոլոգիական հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1. 2007(29)11-14
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վասկուլյար էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների բուժումը նոոտրոպ դեղամիջոցներով

Բանալի բառեր։ էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, նոոտրոպ դեղամիջոցներ, պիրացետամ
Խրոնիկական դիսցիրկուլյատոր կամ վասկուլյար էնցեֆալոպաթիան գլխուղեղի դիֆուզ կամ բազմաօջախային պրոգրեսիվ ախտահարում է, որն արտահայտվում է կլինիակական, նյարդաբանական, նյարդահոգեբանական և հոգեբանական խանգարումներով՝ պայմանավորված գլխուղեղի խրոնիկական անոթային անբավարարությամբ կամ ուղեղի արյան շրջանառության հաճախակի կրկնվող սուր էպիզոդներով (դիսեգմիս, տրանզիտոր, իշեմիկ գրոհ, ինսուլտ)...

Նյարդաբանություն
Արյան ռեոլոգիական որոշ ցուցանիշների միջև կախվածության կապերի գնահատումը թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ, թոքային հիպերթենզիա, էնդոթելի ախտահարում
Հիմնախնդիրը:
Համաշխարհային գրականության վերջին տվյալների համաձայն թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները (ԹԽՕՀ), ըստ հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշների, գրավում են առաջին տեղերից մեկը [2,3,6]։ Այսօր արդիական կարևորություն ունի այդ հիվանդութունների ոչ միայն բուժման օպտիմալ կազմակերպումը, այլև ԹԽՕՀ-ի բարդությունների` թոքային հիպերթենզիայի (ԹՀ) և խրոնիկ թոքային սրտի (ՔԽՍ) վաղաժամ ախտորոշումը և կանխարգելումը...

Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ