Միջոցառումներ
Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2015թ. հուլիսի 2-4-ը
2015 թ. Հուլիսի 2-4-ը Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը: Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության եւ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (ՀԲՄԿ. AMIC) հովանավորությամբ 2015 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարեւոր հիմնախնդիրներին:
Համագումարի նպատակի, առանձնահատկությունների և թեմատիկ շեշտադրումների մասին զրուցեցինք ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
– Պարոն Բաբլոյան, հաշվի առնելով այս համագումարի պատմությունը, ինչո՞վ է առանձնանալու հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը:
– 2015թ. համագումարը մի կողմից շարունակում է նախորդների տենդենցը, քանի որ այն 4-րդն է Հայաստանում, մյուս կողմից՝ 2015թ. համագումարը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն անցկացվում է Մեծ ողբերգությունից 100 տարի անց: Հիմնական գաղափարը, փիլիսոփայությունը բժիշկների, առողջապահական համակարգի ներդրումն է հայ ազգի կորուստների վերականգնման գործում: Այդ ճանապարհին գլխավոր ուղղություններից մեկը վերարտադրողական առողջության բարելավումն է, ծնված երեխաների առողջությունը, աճն ու զարգացումը, նաև երիտասարդների և մեծահասակների աշխատունակությունն ապահովելը: Եթե ավելի շատ երեխաներ ծնվեն, եթե կյանքի տևողությունը երկարի, ուրեմն մեր ազգը կբարգավաճի:
– Թեմատիկ առումով ի՞նչ շեշտադրումներ կլինեն:
– Կոնգրեսի ժամանակ լուրջ զեկուցումներ են լինելու՝ նվիրված վերարտադրողական առողջությանը, երեխաների և մայրերի առողջությանը: Շատ կարևոր հարցի ենք անդրադառնալու. ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում: Կշեշտադրվի ուռուցքաբանական, սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի կանխորոշումը, վարումն ու բուժումը: Կլինի նաև առանձին քույրական սեկցիա, որտեղ կքննարկվեն բուժքույրական գործի խնդիրները, մտահոգությունները, աշխարհում՝ տենդենցները: Իսկ պլենար զեկուցումներին կմասնակցեն արդեն բոլորը: Անդրադարձ կլինի հայաստանյան առողջապահության արդի բոլոր խնդիրներին: Տասնյակ ուղղություններ են ընդգրկված: Դրանք կխմբավորվեն որոշակի սեկցիաների մեջ:
– Ովքե՞ր են համագումարի մասնակիցները:
– Ակնկալում ենք, որ կլինի շուրջ 1500 մասնակից: Բացի նրանից, որ համագումարը կարող է 500-700 մասնակից ունենալ, կազմակերպվելու են նաև սատելիտային սիմպոզիումներ: Քանի որ խոշոր մասնագետներ, պրոֆեսորներ են ժամանելու Հայաստան, մենք կփորձենք նրանցից ստանալ առավելագույնը: Շատ ավելի քիչ արդյունավետ կլինի, եթե նրանք միայն կոնգրեսի սահմաններում ներկայացնեն իրենց զեկուցումները, այդ իսկ պատճառով մինչև հուլիսի 1-ը` կոնգրեսի սկիզբը, կազմակերպվելու են 5-7 սատելիտային սիմպոզիումներ, և, եթե յուրաքանչյուր սիմպոզիումին 100-200 մասնագետ մասնակցի, ընդհանուր առմամբ, մասնակիցների թիվը կհասնի 700-ից 1500-ի:
– Համագումարը ներառում է նաև մարզային բժիշկներին և Արցախի գործընկերներին...
– Արդեն ավանդույթ է դարձել, որ Արցախի բժիշկները կոնգրեսին մասնակցում են անվճար հիմունքներով: Մարզերից և Արցախից բժիշկների մասնակցությունը բոլոր սիմպոզիումներին կլինի անվճար: Միայն բուն համագումարի մասնակցությունն է վճարովի: Ես ուրախ կլինեմ, եթե մեծ քանակությամբ բուժաշխատողներ, բժիշկներ, քույրեր մասնակցեն Հայաստանից և Արցախից: Այս համագումարի ժամանակ ներկայացված կլինեն վերջին նորությունները բժշկական տարբեր ուղղություններում, և դա, անշուշտ, կնպաստի Հայաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Յուրաքանչյուր համագումարից հետո մենք որակական աճ ենք գրանցում, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ենք ունենում:
Մեր զրուցակիցն է Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի կազմակերպիչ Գևորգ Յաղջյանը:
– Պարոն Յաղջյան, խոսենք կազմակերպչական հարցերի շուրջ:
– Համագումարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում առաջխաղացումները և արդի խնդիրները:
Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով Հայաստանի և Արցախի առողջապահությանն առնչվող արդի խնդիրները, քաղցկեղի և վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումները, տեխնոլոգիական առաջընթացները, որոնք արմատապես հեղաշրջում են առողջապահական ոլորտը:
Համագումարի երրորդ օրն ամբողջությամբ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը:
Հետաքրքիր սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:
– Որտե՞ղ կարելի է փնտրել համագումարի ծրագրերին և մասնագետների մասնակցությանը վերաբերող ավելի մանրամասն տեղեկատվություն:
– Համացանցում ստեղծվել է պաշտոնական վեբ կայք՝ www.4imca.am, որի օգնությամբ հասանելի կլինեն մասնակիցների գրացման, նյութերի ներկայացման և համագումարի ծրագրին առնչվող անհրաժեշտ տեղեկությունները, և որոնք կընդլայնվեն մանրամասնությունների զարգացմանը զուգահեռ:
Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ, կոնգրեսի տեղեկատվական կոմիտեի նախագահ Սամվել Սողոմոնյան
– Պարոն Սողոմոնյան, խոսենք համագումարի կազմակերպչական առանձնահատկություններից:
– Սա 4-րդ միջազգային բժշկական համագումարն է Հայաստանում: Խորհրդանշական կարգախոսն է` «Միասին՝ հանուն առողջ ազգի»: Մեկնարկելու է 2015թ. հուլիսի 2-ին և կտևի մինչև հուլիսի 4-ը: Իրականացվում է 4 տարին մեկ և ընդմիջվում է արտերկրում կայացող միջազգային կոնգրեսով: Կոնգրեսի հիմնական նպատակը 4 տարին մեկ աշխարհասփյուռ հայ բժիշկներին Հայաստանում համախմբելն է: Առողջապահության կազմակերպիչները, բժիշկները, միասին կքննարկեն բոլոր այն մարտահրավերները, զարգացման հեռանկարները, որոնք առկա են ժամանակակից բժշկագիտության մեջ: Բժշկության յուրաքանչյուր ուղղության հետ կապված մասնագիտական ելույթներ և քննարկումներ են լինելու: Պետք է քննարկել նաև այն հնարավորությունները, ռեսուրսները, որոնք կարող են խթանել Հայաստանում առողջապահության, բժշկության տարբեր ոլորտների զարգացմանը: Կոնգրեսը շեշտադրված աշխատում է հայաստանյան և սփյուռքի բժշկական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների և անհատ բժիշկ-մասնագետների միջև հետագա համագործակցության, կապերի ստեղծման ուղղությամբ: Համագումարի վերջին օրը նվիրված է լինելու բացառապես Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, այն ծրագրերին, որոնք պլանավորում ենք իրականացնել: Մեր նպատակն է մշակել Հայաստան-Սփյուռք համգործակցության 5-ամյա պլան: 2015-20120 թթ. համար պետք է կանխորոշենք, ուրվագծենք, թե ինչ ուղղություններով պետք է զարգանա Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:
– Ինչպիսի՞ն է նմանատիպ կոնգրեսների արդյունավետությունը:
– Մեր վերջին ` Լոս Անջելեսում կայացած կոնգրեսից հետո, մինչ օրս հստակ ուղղություններում ակտիվ աշխատանքներ են տարվում: Լոս Անջելեսում գործող մի քանի ամերիկահայ շնորհալի բժիշկների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի Հայաստանից երիտասարդ շնորհալի բժիշկներ հնարավորություն ունենան կարճաժամկետ վերապատրաստում անցնելու նրանց կենտրոններում: Ծրագիրը հաջողությամբ գործում է, այժմ էլ ունենք երիտասարդ բժիշկներ, ովքեր վերապատրաստվում են Ամերիկայի առաջատար կլինիկաներում՝ հայազգի մասնագետների օգնությամբ: Այս գործընթացը շարունակական է լինելու: Սա իսկապես ձեռքբերում է, որի հնարավորությունն ընձեռվեց նախորդ կոնգրեսի շրջանակներում: Այսպիսի օրինակները շատ են:
– Հայ բժիշկների արտասահմանում կայացող համագումարներն ավելի վաղ պատմություն ունեն: Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տանել Հայաստանում և արտասահմանում անցկացվող համագումարների միջև:
– Հայրենիքում կայացող կոնգրեսների առավելությունն այն է, որ ավելի առարկայական, ավելի շեշտադրված է խոսվում Հայաստանի առողջապահական խնդիրների մասին: Համագործակցության ծրագրերը, որոնք նախագծվում են համագումարի ժամանակ, հիմնականում միտված են Հայաստանի առողջապահական համակարգը զարգացնելուն և տարբեր բժշկական կենտրոնների ներուժը բարձրացնելուն:
Հայ օգնության ֆոնդի բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյան:
– Կարևորելով այն փաստը ,որ կոնֆերանսը տեղի է ունենալու 2015թ., ի՞նչ առանձնահատկություններ այն կունենա:
– Քանի որ կազմակերպվում է 2015թ., մենք ևս մեկ անգամ օգտագործելու ենք հնարավորությունը՝ խոսելու XX դարի ոճրագործության մասին: Առհասարակ, դրա համար պետք է օգտագործել բոլոր ամբիոնները: Մեր առաջիկա աշխատանքները միտված են Սփյուռք-Հայաստան կապին ավելի մասնագիտական ուղղվածություն տալուն, որը ևս կարելի է համարել 100-ամյակին ընդառաջ քայլ: Անկախ նրանից, թե որ թվականին է կազմակերպվում կոնգրեսը, այն միշտ ունեցել է համախմբող նշանակություն: Կոնգրեսները, բացի գիտական առաջընթացից, տալիս են նաև կապեր ստեղծելու հիանալի հնարավորություն: Յուրաքանչյոր կոնգրեսից հետո մենք սփյուռքի կողմից ներդրումային ծրագրերի զգալի աճ ենք տեսնում առողջապահության ոլորտում: Մեծ նշանակություն ունի այն փաստը, որ համագումարն անցկացվում է Հայաստանում, որը հնարավոր է դարձնում Հայաստանը դեռևս չտեսած հայրենակիցներին տեղեկանալու մեր առողջապահական խնդիրներին և ձեռքբերումներին: Նրանք կհանդիպեն իրենց պոտենցիալ գործընկերներին, կձևավորեն աշխատանքային փոխշահավետ հարաբերություններ:
Ռուսաստանում հայերի միության բժիշկների ասոցիացիայի անդամ Էդուարդ Գևորգյան
– Պարոն Գևորգյան, ի՞նչ գործունեություն է ծավալում ռուսաստանաբնակ հայ բժիշկների ասոցիացիան:
– Մեր ընկերությունը վերջերս է վերաակտիվացել: Մեր կազմում կան մի քանի բժշկական խմբեր, որոնք փորձում են բարեգործական հիմունքներով աջակցել Հայաստանում առողջապահական գործի զարգացմանը: Լոս Անջելեսում տեղի ունեցած հայ բժիշկների կոնգրեսից հետո մենք որոշեցինք համախմբել ՌԴ գործող բժշկական խմբակները Ռուսատանում հայերի միության կազմի մեջ: Խնդրել ենք Բագրատ Ալեքյանին՝ առաջնորդել այս շարժումը: Հուլիսի 8-ին տեղի ունեցավ առողջապահության ներկայացուցիչների, պրոֆեսորների համաժողով, որտեղ քննարկվեցին նախատեսվող ծրագրերի իրականացման ճանապարհները: Մոտ ապագայի պլաններից է նաև կազմակերպել հայ բժիշկների առաջին համառուսական կոնֆերանսը, որտեղ նախատեսվում է Հայաստանում գործող բժիշկների մասնակցությունը, ինչը կնպաստի գործընկերների ավելի արդյունավետ համագործակցությանը:
– Ինչքանո՞վ եք կարևորում այսպիսի համագումարները:
– Սա հիանալի առիթ է հորիզոնական փոխհարաբերություններ ստեղծելու ճանապարհին: Կարծում եմ Ռուսաստանում աշխատող մեր գործընկերներին կհետաքրքրի ևս մեկ առիթով այցելել Հայաստան և շփվել իրենց երկրի առողջապահական համակարգը ներկայացնող բժիշկների հետ: Այսպիսի համագումարները կարևոր են նաև ժամանակի տենդենցները ճիշտ ընկալելու տեսանկյունից: Մասնակից բժիշկներից յուրաքանչյուրն իր երկրի առողջապահական համակարգն է ներկայացնելու, որը կօգնի ընդհանուր պատկերացում կազմել նաև միջազգային տենդենցների մասին:
– Ինչքանո՞վ են ռուսաստանաբնակ բժիշկները տեղեցկացված հայաստանյան առողջապահական համակարգից, որքանո՞վ են առնչվում մեր առողջապահական համակարգի հիմնախնդիրների հետ:
– Մեր ասոցիացիայի բժիշկների մեծամասնությունը ծնվել, մեծացել և բժշկական կրթության հիմնական մասը ստացել է Հայաստանում: Նրանք նաև շատ հաճախ են Հայաստան այցելում և չեն կարող տեղեկացված չլինել հայաստանյան առողջապահական խնդիրներին: Իհարկե, կան նաև բժիշկներ, ում համար այս և նմանատիպ համագումարները հրաշալի առիթ են՝ ծանոթանալու Հայաստանի առողջապահությանը:
– Այս կոնգրեսը կնպաստի՞ հայաստանյան առողջապահությունը միջազգային առողջապահական ընտանիքի մաս կազմելուն:
– Հայաստանի առողջապահական համակարգը բավականին շահեկան դիրքում է: Մեր սփյուռքը մեզ թույլ է տալիս հեշտությամբ ինտեգրվել առողջապահության միջազգային ընտանիք: Օրինակ, Ռուսաստանի դեպքում բոլորովին այլ է իրավիճակը: Շատ դռներ փակ են ռուս մասնագետների համար: Այս շահեկան վիճակը միայն ճիշտ օգտագործել է պետք: Եթե հայ բժիշկները մեծ ցանկություն և կամք դրսևորեն, հայաստանյան առողջապահական համակարգը կարող է շատ հեշտությամբ ներմուծել արտասահմանյան տենդենցներն ու նորարարությունները:
Համագումարի գիտական ուղղվածության մասին զրուցեցինք համագումարի գիտական կոմիտեի համանախագահ, Արաբկիր բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանի հետ:
– Առաջին հերթին համագումարը կունենա գիտական ուղղվածություն և կկազմակերպվի նրա համար, որպեսզի հայաստանյան և տարբեր երկրներից ժամանած մասնագետները կարողանան ներկայացնել իրենց գիտական աշխատանքները, արդի հետազոտություննրը, կարողանան փորձի փոխանակում իրականացնել:
– Ի՞նչ հնարավորություն կտա համագումարը մասնակից մասնագետներին:
– Ձեզ հետ զրույցում Էդուարդ Գևորգյանը խոսեց ռուսաստանաբնակ բժիշկների և արտասահմանյան բժիշկների փոխհամագործակցության դժվարությունների մասին, իսկ այս դեպքում համագումարը կարող է կապող օղակ դառնալ տարբեր երկրների բժշակական ներկայացուցիչների միջև: Թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրի մասնագետները կցանկանան ներկայացնել իրենց լավագույն, առաջավոր աշխատանքները, ինչը մյուսների համար, անշուշտ, օգտակար կլինի: Շատ կարևոր է, որպեսզի մեր մասնագետների կատարած գիտական աշխատանքները հնչեցվեն նաև բժշկական այլ դպրոցների ներկայացուցիչների համար: Համագումարի շրջանակներում ձևավորվելու է «մտքերի լաբորատորիա», որտեղից յուրաքանչյուրը կարող է քաղել իրեն անհրաժեշտը: Մեր խնդիրն այդ հնարավորությունը ստեղծելն է, որպեսզի նրանք կարողանան այդ փոխանակման արդյունքում դասեր քաղել, համագործակցություն ձևավորել:
– Բժշկության ո՞ր ուղղություններն են շեշտադրված:
– Ներկայացված են լինելու բժշկագիտության բոլոր ուղղությունները: Առավոտյան կլինեն պլենար դասախոսություններ: Դրանք հետաքրքիր և արդիական թեմաների մասին դասախոսություններ են, որոնք հետաքրքիր են բժիշկներին` անկախ բժշկական մասնագիտության ուղղությունից: Բացի եհտաքրքրություն առաջացնելուց, դրանք պետք է լինեն նաև ամենաբարձր մակարդակի և ճշգրտության: Կազմակերպվելու են նաև գիտական սեկցիաներ, որոնք ներգրավելու են բժշկագիտության բոլոր ոլորտները` սկսած առողջապահության կազմակերպումից, հանրային առողջապահությունից մինչև նեղ մասնագիտական ուղղվածություններ: Շատ կարևոր է նաև այն, որ համագումարին հնչեցվող դասախոսությունները, զեկուցումները հավաքագրվելու են և հետագայում կլինեն սկավառակի տեսքով ու, հնարավոր է, օնլայն տարբերակով ևս:
– Գիտական տեսանկյունից մեր բժիշկներն ունե՞ն իրենց փորձը փոխանցելու հնարավորություն:
– Իհարկե: Բոլոր ոլորտներում մենք ունենք մի քանի մասնագետներ, ովքեր կանոնավոր կերպով ներկայացնում են իրենց աշխատանքները միջազգային կոնգրեսներում: Համակարգային տեսակետից Հայաստանում գիտաբժշկական գործունեությունը դեռեւս ինտեգրված չէ միջազգային բժշկագիտական մտքի մեջ: Խնդիրներից մեկը գիտության ֆինանսավորումն է, որը Հայաստանում գտնվում է շատ ցածր մակարդակում: Իհարկե, անկախ ֆինանսից, կան աշխատանքներ, որոնք կարող են ներկայացվել և հրապարակվել առաջատար մասնագիտական հանդեսներում: Այստեղ կա նաև լեզվական պատնեշ: Քիչ է իմանալ անգլերեն, պետք է կարողանալ գրել անգլերեն, գիտական աշխատանք ներկայացնել անգլերենով: Բացի բուն գիտական աշխատանքից պետք է հասկանալ դրա ձևավորման առանձնահատկությունները, որոնք կոնկրետ չափորոշիչներ պետք է ունենան՝ միջազգային հանդեսներում հայտնվելու համար:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն