Առողջապահություն 2.2009
Ստենոկարդիա
Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ կրծոսկրից մի փոքր դեպի աջ` կրծքավանդակի խորքում։
Նման նոպա առաջանում է հանկարծակի, առանց նախնական նշանների, անմիջապես ֆիզիկական բեռնվածության ժամանակ (քայլելիս, հատկապես քամուն հակառակ ուղղությամբ, մեծ քանակով սնունդ ընդունելուց հետո, սար կամ աստիճաններով բարձրանալիս), երբեմն այն կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում, օրինակ` գիշերը, քնած ժամանակ։ Հատկապես վտանգավոր են հանգիստ վիճակում առաջացած ցավերը։ Այս դեպքում ցավը լինում է ճնշող, սեղմող, այրող, բութ, ծանրության զգացումով, որի էպիկենտրոնը գտնվում է ցանկացած հատվածում (սկսած ստորին ծնոտից մինչև որովայնի վերին կեսը), այդ թվում նաև կրծքավանդակի աջ կեսում, աջ ուսի նախաբազկի, կամ ուղղակի սրտի շրջանում։ Հիվանդներից ոմանք ցավերի բնույթը և տեղակայումը նկարագրելիս, ափը սեղմում են կրծքավանդակին, ուրիշները ծածկում են կրծքավանդակը մեկ կամ երկու ափերով, կամ տեղաշարժում մատները կրծոսկրի վրա վեր ու վար։ Ձեռքերի նման շարժումները որոշ մասնագետներ անվանում են ստենոկարդիայի «լուռ» ախտանիշ։ Ստենոկարդիայի ժամանակ առաջացած ցավերին բնորոշ են մահվան նկատմամբ վախի զգացումը, հատկապես հիվանդության հանկարծակի, քնած ժամանակ սկսվելու կամ ուժեղ և երկարատև ցավերի դեպքում։
Տարեց և ծեր մարդկանց մոտ, եթե նախկինում տարել են սրտամկանի ինֆարկտ, ունեն շաքարային դիաբետ կամ սրտային անբավարարություն, այդ ցավերը թույլ են արտահայտվում։ Դրանք կարող են տարածվել դեպի պարանոցը, ծոծրակը կամ ստորին ծնոտը։ Հիվանդների մեկ երրորդը կրծքավանդակի հետին մասում ստենոկարդիային բնորոշ ցավեր չի նշում։ Այս դեպքում ցավը կարծես փոխարինվում է ստենոկարդիային ոչ բնորոշ արտահայությամբ` օրինակ. հանկարծակի ի հայտ եկող շնչարգելությամբ, հազով, կրծքավանդակի սեղմումով, սրտի շրջանում սկսվող դժվար բացատրելի ցավային զգացումներով, այրոցով։
Երիտասարդների մոտ, ընդհակառակը, ցավն ուժեղ է արտահայտվում և սուր բնույթ է կրում, տարածվում է դեպի թիակները և ուսերը, հաճախ ցավի հետ մեկտեղ նկատվում են ծայրամասերի մաշկի գունատություն և խոնավություն, բերանի չորություն, սրտի զարկերի հաճախացում, ցածր կամ բարձր զարկերակային ճնշում։ Քսան րոպեից ավելի տևողությամբ ստենոկարդիան սրտամկանի ինֆարկտի առաջացման վտանգ է սպառնում։
Ուրեմն ինչ պետք է անել.
-
Եթե ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք կատարելիս, այն անմիջապես պետք է դադարեցնել, հնարավորության դեպքում նստել հարմար տեղում, առանց լարվելու, ոտքերը կախած վիճակում։ Ապացուցված է, որ այս դիրքում նվազում է արյան հետհոսքը դեպի սիրտը, և նրա լարվածությունը թուլանում է։ Դա կարելի է համեմատել նիտրոգլիցերինի ազդեցության հետ։ Այսպիսով, սրտի շրջանում ցավեր ունեցող հիվանդին չպետք է պառկեցնել։
-
Եթե ցավն առաջանում է հանգիստ պառկած վիճակում, անմիջապես պետքէ ոտքերը կախած դիրք ընդունել։
-
Անհրաժեշտ է մաքուր օդի հոսքն ապահովելու համար բացել պատուհանը, արձակել հագուստի օձիքն ու շնչառությունը դժվարացնող կոճակները։
-
Լեզվի տակ դնել նիտրոգլիցերինի մեկ հաբ, նիտրոգլիցերինի (նիտրոմինտ) կամ դրան փոխարինող իզոսորբիդի դինիտրատի աէրոզոլի մեկ դեղաչափ։ Արդյունքի բացակայության դեպքում վերը նշված դեղամիջոցների ընդունումը կրկնել 3 րոպե անց։
-
Եթե ցավը չի դադարում, ապա պետք է հիվանդին տալ որևէ ցավազրկող և շտապ բուժօգնություն կանչել։ Հնարավոր է, որ դա սրտամկանի ինֆարկտի նախանշան լինի։
-
Որքան հնարավոր է արագ ծամել 0,25-0,5 գ ացետիլսալիցիլաթթվի (ասպիրին) հաբ։
-
Լրացուցիչ կարելի է խմել մեկ հաբ տրիմետազիդին (պրեդուկտալ MB)։
-
Չափել զարկերակային ճնշումը, բարձր ճնշման դեպքում ընդունել բժշկի կողմից մինչ այդ նշանակված որևէ դեղամիջոց, օրինակ` կապոտեն, 25 մգ։
Անհրաժեշտ է գիտենալ, որ եթե ցավի ժամանակ մարդը շատ արագ թուլանում է, գունատվում, գլխապտույտ և սրտխառնուք է ունենում, ապա դա խոսում է զարկերակային ցածր ճնշման մասին, ուստի նման դեպքում նիտրոգլիցերինը հակացուցված է։ Պետք է անմիջապես հիվանդին պառկեցնել, պատուհանը բացել և շտապ օգնություն կանչել։
Շտապ կատարված էլեկտրասրտագրությունը որոշիչ դեր է խաղում ճիշտ ախտորոշման հարցում։ Էլեկտրասրտագրի վրա նշված փոփոխությունները կարող են սրտամկանի ինֆարկտի միակ որոշիչը լինել, եթե անգամ ցավը թեթև, կարճատև բնույթ է կրել և հեշտությամբ է անցել, կամ եթե եղել են ստենոկարդիային ոչ բնորոշ այլ նշաններ։ Ասենք, որ նախաինֆարկտային վիճակում գտնվող հիվանդների 15%-ի էլեկտրասրտագրի վրա դեռ նկատելի փոփոխություններ չեն լինում` անգամ նոպայաձև ցավի ժամանակ։ ՈՒստի հիշեք, որ նման ցավերի առկայությունը սրտամկանի սնուցման խանգարմանը բնորոշ փոփոխությունների բացակայության դեպքում կարող է վկայել մեկ այլ հիվանդության, օրինակ` աորտայի շերտազատվող անևրիզմայի մասին։
Անհետաձգելի ցուցումների դեպքում հիվանդին պետք է հիվանդանոց տեղափոխել, քանի որ երկարատև ցավերի բուն պատճառը հնարավոր է պարզել միայն լրացուցիչ հետազոտությունների միջոցով։
Անհրաժե՞շտ է, արդյոք, կատարել էլեկտրասրտագրության այլ տարատեսակները, պետք է պարզի միայն բժիշկ-սրտաբանը, և ոչ մի դեպքում չի կարելի առաջնորդվել դեղատան աշխատողի, հարևանի կամ նախկինում սրտամկանի ինֆարկտ տարած մարդկանց խորհուրդներով։ Երբեմն տվյալ հիվանդի համար լրացուցիչ թեստ կատարելը ևս անիմաստ կամ հակացուցված է լինում, կամ տվյալ դեպքում ախտորոշիչ բուժգործողություններից նպատակահարմար է կատարել միայն մեկը, օրինակ` էխո-սրտագրությունը (էխո-ՍԳ), կամ առհասարակ ոչ մեկը։ Այդ դեպքում բժշկի «զենքն» է դառնում միայն իր սեփական կլինիկական փորձը։
Մեղմ ցավը, անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ) կամ, ընդհակառակն, կրծքավանդակի շրջանում ուժեղացող ցավերը հաշված րոպեների ընթացքում կարող են հանգեցնել սրտամկանի տարածուն ինֆարկտի կամ շոկի` անվերադարձ ելքով։ Լավագույն դեպքում այն կավարտվի սրտի խրոնիկական անբավարարությունով ու մշտապես հաբեր ընդունելու անհրաժեշտությամբ։ Ուստի ավելի լավ է աչքաթող չանել և ժամանակին պարզել կրծքավանդակում առաջացած ցավի պատճառը, ապահովագրվել` կատարելով բժշկական անհրաժեշտ հետազոտություններ, բացառել սրտի հետ կապված խնդիրները, քան թե մնացած ամբողջ կյանքում վատառողջ լինել։
Ներկայումս աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում գործնականում կիրառվում են, այսպես կոչված` սկրինինգային (ախտորոշիչ) հետազոտություններ, որոնք թույլ են տալիս գաղտնի (լատենտ) ընթացող հիվանդությունները բացահայտել` դրանց զարգացման վաղ փուլերում։ Այսպես, 30 տարին լրանալուց հետո, անգամ եթե սիրտը ձեզ չի անհանգստացնում, անհրաժեշտ է ամիսը առնվազը մեկ անգամ չափել զարկերակային արյան ճնշումը, տարեկան առնվազը մեկ անգամ ենթարկվել էլեկտրասրտագրության։ Այս ոչ բարդ միջոցները կօգնեն սիրտանոթային հիվանդությունը հայտնաբերել զարգացման վաղ փուլերում և ժամանակին զբաղվել դրանց բուժմամբ։
Կարդացեք նաև
Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...
Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...
Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...
Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...
Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...
Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...
Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...
Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...
Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...
Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն